11:08 | 16.10.09 | Նորություններ | 3617

Uriah Heep-ի անդամները չէին սպասում, որ Հայաստանում մեծ մասսայականություն են վայելում

Երեւան /Մեդիամաքս/. Uriah Heep ռոք-խմբի անդամները չէին սպասում, որ Հայաստանում մեծ մասսայականություն են վայելում:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հինգշաբթի երեկոյան հանդես գալով Երեւանում կայացած մամլո ասուլիսում` երաժիշտները նշել են, որ զարմացած են այն ջերմությամբ, որով իրենց դիմավորել են Հայաստանում:

“Մենք հասկացանք նաեւ, որ մեր ստեղծագործությունը Հայաստանում մեծ մասսայականություն է վայելում եւ, հավանաբար, դրա համար պետք է շնորհակալություն հայտնել “ծովահենային” ապրանքների շուկային”, - կատակել է խմբի առաջնորդ Միք Բոքսը: 

Երաժիշտները չեն բացահայտել այսօր կայանալիք համերգի մանրամասները` նշելով, որ կատարելու են ինչպես հին հիթեր, այնպես էլ նոր երգեր:

Երեւանն ընդգրկված է այն 48 քաղաքների ցանկում, որոնք Uriah Heep խումբը պետք է այցելի իր 40-ամյակին նվիրված համաշխարհային տուրնեի շրջանակներում:

Համերգը կայանալու է այսօր ժամը 19:00-ին Երեւանի Կ. Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում: 10-ից 50 հազար դրամ արժողությամբ տոմսերը վաճառվում են մարզահամերգային համալիրի եւ Տիկնիկային թատրոնի տոմսարկղերում: Տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթն ուղղվելու է Սպիտակի երկրաշարժի գոտում բնակելի ֆոնդի վերականգնմանը:

Համերգի կազմակերպիչներն են Vibrographus ընկերությունը, “Շանթ” հեռուստաընկերությունը եւ “Արզնի” հանքային ջրերի գործարանը: Համերգի գործընկերներն են BMI եւ Austrian Airlines ավիաընկերությունները, “Մետրոպոլ” հյուրանոցը եւ ՙԲաոբաբ՚ ռեստորանը:

Երեւանում Uriah Heep-ի ինֆորմացիոն գործընկերներն են Մեդիամաքսը եւ PanArmenian Media-ն: Համերգին տեղեկատվական աջակցություն են ցուցաբերում “Ավտոռադիոն”, “Երեւան FM”-ը եւ “Ռադիո Վանը”