10:58 | 06.10.09 | Նորություններ | 4879
Երեւան /Մեդիամաքս/. Հոկտեմբերի 9-ին ՏՏ ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող ABBYY Software House (www.abbyy.com) ընկերության հիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Յանը վարպետության դաս կանցկացնի Երեւանում:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրին “Այբ” հիմնադրամում, վարպետության դասի թեման կլինի “Կրթությունից դեպի հաջողություն. Գործարարությունը XXI դարում”` այն կանցկացվի ռուսերեն լեզվով:
Միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին, ԵՊՀ-ի 6-րդ մասնաշենքի /”Սեւ շենք”/ դահլիճում, Աբովյան 52 հասցեով: Սկիզբը` ժամը 14:00-ին (գրանցումը` 13:30-ին):
Միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները` նախնական գրանցմամբ: Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև հոկտեմբերի 7-ի ժամը 17:00-ն էլեկտրոնային փոստով` ayb@ayb.am հասցեով: Նամակում պետք է նշել մասնակցի անունը, ազգանունը եւ կազմակերպությունը/գործունեության ոլորտը: Մուտքը` միայն նախնական գրանցմամբ:
21 տարեկանում դեռեւս ուսանող Դավիթ Յանը ստեղծեց Lingvo էլեկտրոնային բառարանը՝ առաջին քայլն անելով ՏՏ ոլորտում: Այսօր ABBYY ընկերությունը ոլորտի առաջատարն է աշխարհում, ունի 900 աշխատակից 8 երկրում եւ ավելի քան 30 մլն հաճախորդ 130 երկրներում:
Դավիթ Յանի այլ հաջող բիզնես նախագծերից են FAQCafe (www.faqcafe.ru), ArteFAQ (www.artefaq.ru), Squat, “Գրիմ քույրեր” հայտնի ռեստորան-ակումբները, iiko (www.iiko.ru) եւ ATAPY Software (www.atapy.com) ընկերությունները:
Դավիթ Յանը “Այբ” կրթական հիմնադրամի հիմնադիրների Խորհրդի նախագահն է:
Վարպետության դասին կնախորդի “Այբ” կրթական հիմնադրամի ծրագրերից մեկի` “MIT OpenCourseWare. Հայելային կայքէջ” ծրագրի շնորհանդեսը: