13:55 | 24.09.09 | Նորություններ | 3590

ՏՄՊՀ-ն “ԱրմենՏելին” եւ Fibernet-ին ճանաչել է ՀՀ մեծածախ ինտերնետի շուկայում գերակա դիրք զբաղեցնողներ

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը /ՏՄՊՀ/ այսօր “ԱրմենՏել” (Beeline ապրանքանիշ) եւ Fibernet ընկերությունները ճանաչել է ՀՀ մեծածախ ինտերնետի շուկայում գերակա դիրք զբաղեցնողներ:

Ինչպես հայտնել է հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը, “ԱրմենՏելը” զբաղեցնում է շուկայի 53.9%-ը, իսկ Fibernet-ը` 46.1%-ը: Նրա խոսքերով, հաշվարկները հիմնված են մեծածախ ինտերնետի շուկայում երկու ընկերությունների դրամաշրջանառության վերլուծության վրա:

Աշոտ Շահնազարյանը բացատրել է, որ “ԱրմենՏելի” նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել այն պրովայդերների բողոքների հիման վրա, որոնք Beeline-ին մեղադրում են չարդարացված գնային քաղաքականության համար: Նրա խոսքերով, հանձնաժողովը պետք է “ԱրմենՏել”-ին գերակա դիրք զբաղեցնող ճանաչեր, որպեսզի հետագայում իրավական հիմք ունենար դադարեցնել այդ դիրքի չարաշահման հատկանիշները: 

“ԱրմենՏելի” իրավաբանական ծառայության ղեկավար Դավիթ Սանդուխչյանը վրդովմունք է հայտնել պետական երկու ատյանների չհամաձայնեցված գործողությունների կապակցությամբ: Նրա խոսքերով, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը /ՀԾԿՀ/ եւ ՏՄՊՀ-ն “ԱրմենՏելին” ճանաչել են գերակա դիրք զբաղեցնող` հիմնվելով տարբեր չափորոշիչների` տվյալների փոխանցման միավորների եւ դրամաշրջանառության ծավալի վրա: Նրա խոսքերով, մեծածախ ինտերնետի շուկան ողջ աշխարհում չափվում է տվյալների փոխանցման միավորներով: