11:06 | 27.08.09 | Նորություններ | 3631
Երեւան /Մեդիամաքս/. “Արմինկո”-ն “ԱրմենՏել”-ին առաջարկում է ստորագրել պիրինգի (ցանցերի միջեւ թրաֆիքի փոխանակման ոլորտում ինտերնետ-պրովայդերների տեխնիկական փոխգործակցության) մասին երկկողմ պայմանագիր, որը կազմվել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի /ՀԾԿՀ/ կողմից:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել է “Արմինկո”-ի տեխնիկական տնօրեն Գրիգոր Սաղյանը, ենթադրվում է, որ պայմանագրում կնշվի “ԱրմենՏել”-ի նոր թողունակությունը, ընկերության ցանցերի ցուցակը, ինչպես նաեւ կսահմանազատվի “ԱրմենՏել”-ի եւ “Արմինկո”-ի ցանցերը կապող գծերի սպասարկման պատասխանատվությունը: Գրիգոր Սաղյանի խոսքերով, այդ միջոցառումները թույլ կտան բարձրացնել “ԱրմենՏել”-ի սահմանած 2 Մբիտ/վրկ հասանելիությամբ պիրինգը:
Նա հույս է հայտնել, որ “ԱրմենՏել”-ի նոր մենեջմենթը կստորագրի փոխկապակցման մասին ՀԾԿՀ-ի առաջարկած պայմանագիրը: “Ավելին, եթե ՀԾԿՀ-ի առաջարկությունն ինչ-ինչ պատճառներով ձեռք չտա “ԱրմենՏել”-ին, եւ ընկերությունը կազմի պիրինգի մասին սեփական պայմանագիր, մենք համաձայն ենք ստորագրել այն”, - ասել է Գրիգոր Սաղյանը: “Արմինկո”-ի տեխնիկական տնօրենի խոսքերով, նշված միջոցառումները թույլ կտան լուծել երկու ընկերությունների ցանցերի միջեւ պիրինգի հետ կապված խնդիրները, որոնք առկա են արդեն 4 տարի:
ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի խնդրանքով մեկնաբանելով “Արմինկո”-ի տեխնիկական տնօրենի առաջարկությունը` “ԱրմենՏել”-ի մամլո քարտուղար Անուշ Բեղլոյանն ասել է.
“Պարոն Սաղյանի հիշատակած պայմանագրի նախնական տարբերակը ՀԾԿՀ-ի կողմից տարածվել էր ՏՏ հանրության անդամների միջեւ, որպեսզի քննարկվեր որպես խորհուրդ տրվող տիպական պայմանագիր: ՏՏ հանրության մասնակիցները, այդ թվում նաեւ Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների խորհուրդը, բազմաթիվ նկատողություններ եւ առաջարկություններ են արել դրա փոփոխման վերաբերյալ, բարձրաձայնվել են նաեւ այդ փաստաթղթում գոյություն ունեցող իրավաբանական ռիսկերը: Հենց այդ պատճառով ներկայումս “ԱրմենՏել” ՓԲԸ-ն չի դիտարկում այն որպես վերջնական փաստաթուղթ”: