14:12 | 26.08.09 | Նորություններ | 3061

iCon Communications-ը կսկսի ֆիքսված կապի ծառայություններ մատուցել 2009թ. չորրորդ եռամսյակում

Երեւան /Մեդիամաքս/. Ֆիքսված կապի շուկա դուրս գալը ICon Communications ընկերության առաջնահերթ խնդիրն է:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի /ՀԾԿՀ/ նիստում հայտարարել է ICon Communications ընկերության գործառնությունների գծով տնօրեն Ռալֆ Էկը:

Նա ընդգծել է, որ եղել են որոշ տեխնիկական խնդիրներ, որոնց պատճառով այդ հարցը հետաձգվել է: Ռալֆ Էկը տեղեկացրել է, որ ընկերությունը մտադիր է ֆիքսված կապի ծառայություններ մատուցել 2009թ. չորրորդ եռամսյակում: Նա նշել է, որ ներկայումս ընկերության հաճախորդների թիվը գերազանցում է 2 հազարը: «Դա ավելի քիչ է, քան մենք ակնկալում էինք, սակայն մի շարք խնդիրների հաղթահարումից հետո մենք զգալի թափ ենք հավաքում», - ասել է Ռալֆ Էկը:

ՀԾԿՀ-ն այսօր որոշել է ICon Communications ընկերությանը Երեւանում ռադիոռելեային կապի գծի կազմակերպման համար տրամադրել ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն: