11:42 | 06.07.09 | Նորություններ | 4241

ՀՀ ինտերնետ պրովայդերները դեպի միջազգային մագիստրալներ մեծ թվով ելքերի կարիք ունեն, կարծում են «Արմինկո» ընկերությունում

Երեւան /Մեդիամաքս/. Թեեւ Հայաստանում  ենթակառուցվածքների առկա տեխնիկական հնարավորությունները հազարապատիկ գերազանցում են պահանջարկը, այնուամենայնիվ, ինտերնետ պրովայդերները դեպի միջազգային մագիստրալներ մեծ թվով ելքերի կարիք ունեն, հայտարարել է «Արմինկո» ընկերության տեխնիկական տնօրեն Գրիգոր Սաղյանը: 

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, հուլիսի 4-5-ին Դիլիջանում կայացած ՀՀ ՏՏ առաջնորդների ֆորումում Գրիգոր Սաղիյանն ասել է, որ «ԱրմենՏել» ընկերությունը, ունենալով միջազգային օպտիկամալուխային ելքեր եւ լինելով ինտերնետ կապի պրովայդեր, շուկայում անհավասարակշիռ իրավիճակ է ստեղծում:

«ԱրմենՏել» ընկերությունը Հայաստանի սահմանում 1Գբիտ/վայրկյանի դիմաց վճարում է $370, որը տարածաշրջանում միջին գին է, եւ նույն ծավալն այլ օպերատորներին վաճառում է $1300-ով»,- ասել է Գրիգոր Սաղյանը` հավելելով, որ միջազգային ելք ունեցող «Ֆայբերնետ» ընկերության մուտքը շուկա ավելի քան տասնապատիկ անգամ իջեցրել է 1Գբիտ/վայրկյանի արժեքը:

Գրիգոր Սաղյանը նշել է, որ Հայաստանի գազատարի երկայնքով «Ջի Էն Սի Ալֆա» ընկերության կողմից անցկացվող օպտիկամալուխային լարը եւս դրական ազդեցություն կունենա մրցակցության վրա:

Նրա խոսքերով, մինչեւ այս տարվա օգոստոս «Ջի Էն Սի Ալֆա»-ն նախատեսում է շահագործման հանձնել ցանցի Երեւան-Մեղրի հատվածը եւ այն Իրանում միացնել կապի գծին: Օպերատորի հետագա ծրագրերի շարքում է Երեւանից մինչեւ Վրաստանի հետ սահման օպտիկամալուխային լարի անցկացումը եւ Հայաստանի տարածքով արագ փոխանցման տրանզիտային ծառայությունների մատուցումը, ինչպես նաեւ ցանցի երկարացումը մինչեւ ՀՀ այլ քաղաքներ: