13:55 | 24.06.09 | Նորություններ | 3969
Երևան /Մեդիամաքս/. «Հայաստան» համահայկական հիմնադրամը եւ «Սինոփսիս Արմենիա» ու VivaCell-MTS ընկերությունները Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների (IT) խթանման նպատակով այսօր համագործակցության մասին հուշագիր են ստորագրել:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ-ը, հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը հայտարարել է, որ հուշագիրը վերաբերում է 2009թ. տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային հեղինակության ամենամյա նախագահական պարգեւին, որի ֆինանսավորումը 11 մլն դրամի չափով ստանձնել է VivaCell-MTS ընկերությունը:
Արա Վարդանյանն ընդգծել է, որ «Հայաստան» հիմնադրամը եւ VivaCell-MTS-ը համագործակցում են արդեն մի քանի տարի: «VivaCell-MTS ընկերությունը միշտ մեր կողքին է եւ աջակցում է մեր ծրագրերին»,- հայտարարել է Արա Վարդանյանը: Նա նկատել է, որ այս եռակողմ համագործակցությունը պետք է օրինակ ծառայի մյուս մասնավոր ընկերությունների համար:
«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի խոսքերով, 2009 թվականին ՏՏ ոլորտում համաշխարհային հեղինակության ամենամյա պարգեւն առաջին անգամ կհանձնվի Հայաստանում: Նա կարծիք է հայտնել, որ այդ նախաձեռնությունից Հայաստանը շահույթ կստանա մի քանի տարվա ընթացքում:
Հովիկ Մուսայելյանը տեղեկացրել է, որ առաջիկայում սպասվում է նախագահի հրամանագիրը հանձնաժողովի կազմի մասին, որը կորոշի 2009թ. հաղթողներին:
VivaCell-MTS ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հայտարարել է, որ ընկերությունը “երբեք բաց չի թողնում Հայաստանի համբավի եւ չափանիշների բարձրացմանը մասնակցելու հնարավորությունը` ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային մակարդակում”: