12:57 | 19.06.09 | Նորություններ | 3975
Երեւան /Մեդիամաքս/. DigiTec Business ցուցահանդեսը եւ Microsoft նորարարությունների ֆորումը բացվել են այսօր Երեւանում:
Ինչպես նշել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը, ցուցահանդեսը ուղղված է նախ եւ առաջ բիզնես հանրությանը: Նա բարձր է գնահատել Microsoft նորարարությունների ֆորումը, ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս նորարարություններին:
Միջոցառման գլխավոր հովանավոր` “ԱրմենՏել” ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի խոսքերով, DigiTec Business-ը կօգնի տեղեկատվական տեխնոլոգիաների /ՏՏ/ ոլորտում հավանական գործընկերներին կապեր հաստատել:
Ելույթ ունենալով ցուցահանդեսի բացմանը` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ ՏՏ զարգացումը կօգնի հայկական ընկերություններին հաղթահարել տնտեսական ճգնաժամի հետեւանքները: Նա նշել է, որ ՏՏ ոլորտը կարող է առաջարկել որոշումներ, որոնք կմեծացնեն արտադրողականությունը եւ մրցունակությունը:
Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը ՏՏ ընկերությունների հաճախորդն է եւ շահագրգռված է դրանց ծառայությունների որակի եւ քանակի բարձրացմամբ:
Միջոցառումներին մասնակցում են շուրջ 30 ընկերություններ: