15:03 | 01.06.09 | Նորություններ | 3879
Երևան /Մեդիամաքս/. ArmTech 2009 կոնգրեսը կկայանա 2009թ. նոյեմբերի 5-8-ը ամերիկյան Սան Խոսե քաղաքում:
Ինչպես այսօր Երեւանում ասել է Զարգացման ամերիկյան գործակալության /ԶԱԳ/ տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, կոնգրեսին ակնկալվում է արտասահմանյան եւ շուրջ 30 հայկական IT ընկերությունների մասնակցությունը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը վստահություն է հայտնել, որ կայանալիք կոնգրեսը նախորդ երկուսից արդյունավետ կլինի: «Եթե նախորդ կոնգրեսներում իրենց առաջարկություններով հանդես էին գալիս մասնավոր հատվածի ներկայացուցիչները, ապա այս անգամ իր առաջարկներով եւ Հայաստանի IT հատված ներդրումներ ներգրավելուն ուղղված նախաձեռնություններով հանդես կգա ՀՀ կառավարությունը»,- նկատել է նախարարը:
«Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը նշել է, որ ArmTech 2009-ը լավ հնարավորություն կդառնա կառավարության, կրթական համակարգի եւ մասնավոր հատվածի համար միասնական հարթակի շրջանակներում համախմբվելու առումով` առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղիների քնարկման նպատակով:
«Համաշխարհային ճգնաժամը ArmTech կոնգրեսն ավելի արդիական է դարձնում, քան երբեւէ, քանի որ հենց IT հատվածի հնարավորությունների ճիշտ օգտագործումը կարող է օգնել ճգնաժամից դուրս գալ օգուտով»,- ասել է Ռիչ Գոլդմանը:
Մասնակցության հայտ ներկայացնել եւ մանրամասներին ծանոթանալ կարելի է կոնգրեսի կայքում` www.armtechcongress.com: