16:43 | 12.05.09 | Նորություններ | 3533

Այլընտրանքային ցանցերի ստեղծումը կարելի է միայն ողջունել, ասում են «ԱրմենՏելում»

Երևան /Մեդիամաքս/. ՀՀ ինտերնետ-պրովայդերների կողմից սեփական ենթակառուցվածքների ստեղծումը ոչ մի կերպ կապված չէ «ԱրմենՏելի» եւ պրովայերների ցանցերի միջեւ միացումների առկայության/բացակայության հետ:

Այդ մասին ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալության հետ հարցազրույցում ասել է «ԱրմենՏելի» մամլո քարտուղար Անուշ Բեղլոյանը` մեկնաբանելով ADC-ի կոմերցիոն տնօրենի խոսքերն այն մասին, որ «ԱրմենՏելը» պետք է ապահովեր փոխկապակցումը պրովայդերների միջեւ, սակայն դրա դիմաց բարձր վճար էր սահմանել, որի արդյունքում վերջիններս սկսեցին ինքնուրույն ստեղծել ենթակառույցներ:

«ԱրմենՏելի» եւ ինտերնետային հասանելիության ծառայություններ մատուցող օպերատորների տվյալների փոխանցման ցանցերի միջեւ գոյություն ունեն միացումներ, որոնք ապահովում են լոկալ թրաֆիքի փոխանակումը / «պիրինգային» միացումներ/: Ինտերնետային պրովայդերների ցանցերի միջեւ այդ փոխանակումը իրականացվում է անվճար: Հայաստանի ինտերնետ-պրովայդերների կողմից սեփական ենթակառույցների ստեղծումը ոչ մի կերպ կապված չէ «ԱրմենՏելի» եւ պրովայերների ցանցերի միջեւ միացումների առկայության/բացակայության հետ: Այլընտրանքային ցանցերի ստեղծումը կարելի է միայն ողջունել: Դա նորմալ համաշխարհային փորձ է, որն առկա է բոլոր երկրներում` որպես հեռահաղորդակցային շուկայի ազատականացման արդյունք»,- ասել է Անուշ Բեղլոյանը: