16:01 | 12.05.09 | Նորություններ | 3969

«ԱրմենՏելը» գործարկել է ֆիքսված հեռախոսակապի այլընտրանքային սակագնային պլանները

Երևան /Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) գործարկել է ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների այլընտրանքային սակագնային պլանները:

Ինչպես ՄԵԴԻԱՄՍՔՍ-ին այսօր հայտնել են ընկերության մամլո ծառայությունում, այլընտրանքային սակագնային պլանները գործելու են առկա բազային սակագնային պլաններին զուգահեռ:

Նոր սակագնային պլանին անվճար միանալու համար անհրաժեշտ է «ԱրմենՏելի» վաճառքի եւ սպասարկման գրասենյակներից մեկում համապատասխան դիմում լրացնել:

Ֆիզիկական անձանց համար գործում են «Տնային 600», «Տնային 1200», «Տնային 1800», իսկ իրավաբանական անձանց համար` «Բիզնես 550», «Բիզնես 1100»  եւ «Բիզնես 1650» նոր սակագնային պլանները:

«Դժվար է գերագնահատել այլընտրանքային սակագների գործարկման նշանակությունը. Beeline բջջային ցանցի բաժանորդները վաղուց հնարավորություն ունեն առավել հարմարավետ սակագնային պլան ընտրելու` կախված նրանից, թե որ ուղղությամբ են ավելի հաճախ զանգահարում` այլ երկրներ, բջջային, թե քաղաքային համարներին: Այժմ ընտրության հնարավորություն ունեն նաեւ մեր ֆիքսված ցանցի հաճախորդները, ինչը նրանց թույլ կտա շփումը դարձնել ավելի մատչելի եւ հարմարավետ»,- ասել է «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: