17:44 | 11.05.09 | Նորություններ | 3233
Երևան /Մեդիամաքս/. Պետությունը պետք է մասնակցի Հայաստանում ինտերնետ կապ ապահովելու գործընթացին, հայտարարել է Armenian Datacom Company (ADC) պրովայդերի կոմերցիոն տնօրեն Ավետիք Քալանթարյանը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությունը, մայիսի 9-ին Աղվերանում հանդես գալով ՏՏ ընկերությունների ղեկավարների ֆորումի շրջանակներում Հայաստանում ինտերնետի խնդիրների քննարկմանը` Ավետիք Քալանթարյանն ասել է, որ Հայաստանում ինտերնետ կապ ապահովելու հետ կապված հիմնական խնդիրների մեծամասնությունը պայմանավորված է այդ ոլորտից պետության հեռանալով:
«Եթե Հայաստանում կառավարության մասնակցությամբ ստեղծվի խոշոր կազմակերպություն, որն իրավասու լինի միջազգային մակարդակով բանակցություններ վարել, ապա Հայաստանում ինտերնետային կապի թե գինը, թե որակը զգալիորեն կբարելավվեն»,- ասել է Ավետիք Քալանթարյանը:
Նա կարծիք է հայտնել, որ Հայաստանին ինտերնետ մատակարարող ՙԱրմենՏելը՚ եւ Fibernet-ն իրավասու չեն բանակցություններ վարել միջազգային մակարդակով, ինչը եւ բացասաբար է ազդում Հայաստանում ինտերնետի ինչպես որակի ու գնի, այնպես էլ պրովայդերների միջեւ հարաբերությունների կարգավորման վրա:
Այդ համատեքստում Ավետիք Քալանթարյանը նշել է ՀՀ ինտերնետային պրովայդերների միջեւ փոխկապակցման ապահովման հետ կապված խնդիրները, որոնք հաճախ իրար միջեւ արհեստական սահմանափակումներ են դնում, ինչը հանգեցնում է տեղեկատվության փոխանցման ուշացումների եւ վերաուղարկվող փաթեթների կորուստների:
«Այդ հարցով պետք է զբաղվեր «ԱրմենՏելը», որը, սակայն, շատ բարձր գներ է սահմանել ինտերնետային պրովայդերների միջեւ փոխկապակցման ապահովման համար, եւ այդ պատճառով վերջիններս սկսել են ենթակառույց ստեղծել սեփական ուժերով»,- ասել է ADC-ի կոմերցիոն տնօրենը: