17:05 | 11.05.09 | Նորություններ | 4533

ՀՀ IT հատվածի ընկերությունները դիտարկում են IPO-ի հնարավորությունը

Երևան /Մեդիամաքս/. NASDAQ OMX-ը ամենահարմար բորսային հարթակն է ՏՏ ընկերությունների համար, եւ հայաստանյան պայմաններում նրանց IPO դուրս գալը լիովին իրականանալի է:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է “Գրանթ Թորնթոն Ամիօ”-ի բաժնետեր Գուրգեն Հակոբյանը` Աղվերանում հանդես գալով ՀՀ IT ընկերությունների ղեկավարների ֆորումին:

“ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը իր հերթին նշել է, որ այն պայմաններում, երբ Հայաստանը հայտնվել է համաշխարհային ճգնաժամի եւ աճող գնաճի բացասական ազդեցության ներքո, ներդրումների համար առավել հրապուրիչ են այն ընկերությունների արժեթղթերը, որոնք ճգնաժամից անկախ աճ են ցուցադրում: “Այդպիսին են էներգետիկայի, կոմունալ ծառայությունների, սննդի եւ IT ոլորտները”,- ասել է Արմեն Մելիքյանը:

Նա տեղեկացրել է ծրագրվող 70 օրենսդրական փոփոխությունների մասին, որոնցով հարկային արտոնություններ կտրամադրեն այն ընկերություններին, որոնց բաժնետոմսերը կցուցակվեն բորսայում` նշելով, որ հավանական թողարկողներին բորսան պատրաստ է ցուցաբերել անվճար խորհրդատվական օժանդակություն:

ՀՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) նախագահ եւ Sourcio ընկերության գլխավոր տնօրեն Հովհաննես Ավոյանը ՄԵԴԻԱՄՍՔՍ-ի հետ հարցազրույցում ասել է, որ “IPO դուրս գալը երկար գործընթաց է, եւ այն ՏՏ ընկերությունները, որոնք ցանկանում են մի քանի տարի հետո հանդես գալ առաջնային հրապարակային առաջարկությամբ, պետք է այդ գործընթացը սկսեն այսօրվանից”:

“Sourcio-ն, մասնավորապես, դիտարկում է IPO դուրս գալու հնարավորությունը 3-4 տարվա հեռանկարում”,- ասել է Հովհաննես Ավոյանը:

UITE-ի ներկայացուցչի խոսքերով, ներկայումս ՏՏ հատվածի ներկայացուցիչները Հայաստանում վենչուրային հիմնադրամի ստեղծման կարիք ունեն, որն արդեն սկսում է ձեւավորվել Փոքր եւ միջին ձեռնարկատիրության ազգային կենտրոնի շրջանակներում: