Հայաստանի կառավարությունը նախատեսում է ներդնել IMEI միասնական համակարգ՝ ներմուծված բջջային հեռախոսների ամբողջական գրանցման եւ հետեւողականության ապահովման համար:
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերին։
Հիմնավորման համաձայն՝ Հայաստանում IMEI կոդերի վերահսկողության բացակայությունը մի շարք ռիսկեր է ստեղծում, մասնավորապես՝ չմաքսազերծված, կեղծ կամ փոփոխված IMEI կոդերով բջջային հեռախոսների շրջանառություն, ինչը հանգեցնում է հարկային կորուստների, շուկայի մրցակցության խաթարման եւ տեխնիկական ու անվտանգության ռիսկերի աճի։ Ըստ այդմ՝ նախատեսվում է ներդնել արդյունավետ համակարգ ներմուծված բջջային հեռախոսների ամբողջական գրանցման եւ հետեւողականության ապահովման համար՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան։
IMEI միասնական համակարգի ներդրումը հնարավորություն կտա համադրել մաքսային տվյալները, օպերատորների ակտիվացումները եւ միջազգային ռեգիստրները՝ թույլատրելով միայն օրինական ներմուծված բջջային հեռախոսների ակտիվացում։ Նախագծի ընդունումը կնպաստի նաեւ բջջային կապի օպերատորների անդամակցությանը միջազգային տվյալների շտեմարաններին, որտեղ ֆիքսվում են միջազգային զեղծարարությունները։
Անդրադառնալով նախաձեռնությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Բջջային հեռախոսների շուկան ամենամեծ ստվերային շուկան է, եւ ինչ անում ենք՝ այդ շուկան շարունակում է իր գործը: Աշխարհում այս լուծումները վաղուց կան, եւ մեր քաղաքական արձանագրումն այն է, որ ավարտվում է բջջային հեռախոսների սեւ շուկայի դարաշրջանը։ Հայաստանի Հանրապետությունում ոչ մի հեռախոս, որը չի հավաստիացվում, որ ներմուծվել է օրինական ճանապարհով, չի աշխատելու»։
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն էլ ասել է, որ տարբեր մասնագիտական գնահատականների համաձայն՝ այս շուկայում ստվերի մակարդակը կազմում է 30-40%, ինչը զգալիորեն բարձր է տնտեսությունում առկա ստվերի միջին գնահատականից։