15:36 | 25.06.26 | Նորություններ | 323

Հայտնի են հունիսի 26-ին կայանալիք Qloong-ի մանրամասները

Ինչպես արդեն հայտնել ենք, հունիսի 26-ին ISTC-ում տեղի կունենա Qloong-ի 6-րդ մասը՝ ստարտափների ուղիղ եւ անկեղծ հետադարձ կապի (feedback) միջոցառումների շարքից, որը կազմակերպում է Techweiz ընկերությունը։ 

Ստարտափների հիմնադիրները ներկայացնում են իրենց գաղափարները՝ փիչ (pitch) են անում եւ ստանում են ուղիղ եւ անկեղծ հետադարձ կապ (feedback), այսինքն, ժողովրդի լեզվով ասած՝ «քլնգվում» են, ընդ որում՝ «քլնգողները» փորձառու ներդրողներ են, ձեռնարկատերեր եւ ստարտափ փորձագետներ։ 

Ուրբաթ օրը «քլնգողների» դերում հանդես կգան հրեշտակ ներդրող եւ ստարտափ փորձագետ Ռեմ Դարբինյանը, Ֆորմուլա վենչուրային ֆոնդի համահիմնադիր Կարեն Վարդանյանը եւ Plug & Play Armenia-յի տնօրեն Սոնա Գրիգորյանը:

Ստարտափներին կպաշտպանի մեդիափորձագետ եւ CyberHUB-ի համահիմնադիր Սամվել Մարտիրոսյանը։

Միջոցառումը բաց է նաեւ սկսնակ ստարտափների հիմնադիրների, ստարտափ սկսելու գաղափարներ ունեցողների, ներդրողների համար:

«Qloong-ը ստեղծվել է մեկ նպատակով՝ հանել ստարտափ էկոհամակարգից ձեւականությունը եւ դառնալ ապահով հարթակ, որտեղ տեղի է ունենում անկեղծ երկխոսություն», - նշում է Techweiz-ի համահիմնադիր եւ Qloong-ի համակազմակերպիչ Աշոտ Խուդգարյանը։

Qloong Vol. 6-ի գլխավոր գործընկերը Apricot Capital ներդրումային ընկերությունն է։ 

Միջոցառումը կանցնի Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի աջակցությամբ։ Գործընկերներն են՝ Plug and Play Armenia-ն (ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ), BANA Angels հրեշտակ ներդրողների ցանցը եւ Թին գինիները։

Տեղերը սահմանափակ են, ուստի տոմսերը ցանկալի է գնել նախապես այս հղումով: