10:57 | 07.03.25 | Նորություններ | 894

    «ԱԲ սերունդ» ծրագրում ընդգրկված դպրոցների թիվը կընդլայնվի

    Արհեստական բանականության ոլորտի ապագա գիտնականի կրթական ուղին հարթելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ 2023/24 ուսումնական տարվանից իրականացվում է «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագիրը, որի աշխարհագրությունը նախատեսվում է ընդլայնել:

    ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն հանդիպել է FAST հիմնադրամի եւ ՀՀ շուրջ 40 դպրոցի ներկայացուցիչներին, այդ թվում՝ ծրագրի շահառու 15 ավագ դպրոցների ուսուցիչներին, տնօրեններին եւ փոխտնօրեններին:
    Հանդիպմանը ընթացքում ծրագրում ընդգրկվելու ցանկություն ունեցող դպրոցներին ներկայացվել են այս ընթացքում սովորողների ցուցաբերած կրթական արդյունքները, ծրագրի իրականացման ընթացակարգը ու հետագա անելիքները:

    Կարեւորելով «ԱԲ սերունդ» ծրագրի փորձարկումը՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ ծրագրի հիմքում մաթեմատիկայի խորացված ուսուցումն է։
    «Այս ծրագիրը ոչ միայն մեր սովորողների համար որոշակի ուղղությամբ ավելի խորը եւ որակյալ կրթություն ստանալու, այլեւ դպրոցներում կրթության կազմակերպման մոդելի փոփոխության հնարավորություն է, ինչը բխում է հանրակրթության պետական չափորոշչից»,- ասել է նախարարի տեղակալը։

    Նա ընդգծել է՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման պայմաններում չկա այլընտրանք. պետք է փորձել առնվազն ավագ դասարաններում կրթությունը դարձնել հնարավորինս ավելի ճկուն ու բովանդակային՝ ուղղված սովորողի կարիքներին ու հետաքրքրություններին:

    Արաքսիա Սվաջյանը «ԱԲ սերունդ» ծրագիրը կարեւորել է նաեւ մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից՝ այդ հարցում ընդգծելով նաեւ դպրոցների դերը:  

    Արաքսիա Սվաջյանն արձանագրել է, որ «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրի հայաստանյան փորձը հետաքրքրություն է առաջացրել միջազգային կազմակերպությունների շրջանում։

    «Մենք կարեւորում ենք ծրագրի ընդլայնման հնարավորությունը․ եթե այն որոշակի թվով դպրոցներում հաջողություն է գրանցում, ապա ծրագիրը պետք է հասանելի լինի ավելի մեծ թվով երեխաների: Ունենք սահմանված թիրախ՝ մինչեւ 2026-ը նախատեսվում է ծրագիրը հասանելի դարձնել հանրակրթական դպրոցների աշակերտների ավելի քան 80%-ի համար։ Ծրագրում ընդգրկելու նպատակով դպրոցների ընտրության չափանիշներ ենք սահմանել. ըստ այդմ՝ նպատակահարմար է հաշվի առնել դպրոցների աշխարհագրությունը, բնակավայրերի մեծությունը, աշակերտների թիվը եւ այլն, սակայն ամենակարեւոր չափանիշը դպրոցների ցանկությունն ու պատրաստվածությունն է»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

    Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանը նշել է, որ «ԱԲ սերունդ» ծրագիրը շատ կարեւոր է ռազմավարական առումով:

    «Մեր հավակնոտ նպատակն այն է, որ Հայաստանը նորարարության երկիր դառնա»,- ասել է նա՝ կարեւորելով դպրոցների ու այլ կառույցների մասնակցայնությունն ու համագործակցությունը:

    «ԱԲ սերունդ» ծրագիրը նախատեսված է 10-12-րդ դասարանների աշակերտների համար եւ հնարավորություն է ընձեռում նրանց սովորելու խորացված մաթեմատիկա, ծրագրավորում (Python), արհեստական բանականության հիմունքներ, իրականացնել պրակտիկ նախագծեր արհեստական բանականության ոլորտում։ «ԱԲ սերունդ» ծրագիրն իրականացվում է ՀՀ 7 մարզի 15 ավագ դպրոցներում, դրանում ընդգրկված է շուրջ 600 աշակերտ։ Ծրագրի շրջանակում իրականացվում են ուսուցիչների շարունակական վերապատրաստումների եւ աջակցության նախագծեր: Նախատեսվում է մինչեւ 2027 թ. 2 փուլով ծրագրում ընդգրկել, ընդհանուր առմամբ, 45 դպրոց: