12:40 | 16.09.24 | Նորություններ | 1511
Հայաստանի բլոկչեյն էմբասիում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, «Ֆասթ մեդիա» ընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը եւ «Բահամուտ» հիմնադրամի խորհրդի անդամ Արամ Ջիվանյանը ներկայացրել են «Գաղափարից բիզնես» դրամաշնորհային ծրագրի «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով մրցույթի մանրամասները։
Մրցույթն այս տարի կիրականացվի «Ֆասթ Մեդիա» եւ «Բահամուտ» հիմնադրամի հետ գործակցությամբ։
Նախատեսվում է ֆինանսավորում տրամադրել սկսնակ տեխնոլոգիական ընկերություններին եւ գիտահետազոտական թիմերին իրենց նախագծերն իրականացնելու համար։ Մրցույթի նախնական փուլը հաղթահարած նախագծերը կդիտարկվեն ժյուրիի կողմից, ինչին կհաջորդի հաղթողների ընտրման փուլը։ Ծրագրի մրցանակային ֆոնդը 290 մլն ՀՀ դրամ է, որը կբաշխվի հաղթող ընկերությունների միջեւ, յուրաքանչյուրին՝ մինչեւ 10 մլն դրամ։ Ավելին, հաղթողներից լավագույնները կստանան հավելյալ 50 մլն ՀՀ դրամին համարժեք FTN ներդրումային ֆոնդ «Բահամուտ» հիմնադրամի կողմից։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը նշել է, որ նախագիծը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքների ստեղծմանը եւ տեխնոլոգիաների կիրառմանը, արդի խնդիրների եւ մարտահրավերների լուծմանը.
«Ծրագրերի ընտրության ժամանակ ընկերություններին չեն սահմանափակելու կոնկրետ պրոդուկտի կամ գաղափարի շուրջ, քանի որ շուկան ինքն է թելադրում, թե այս տարի կամ առհասարակ ինչ պահանջարկ կլինի դաշտում: Ամենակարեւորն այն է, որ այդտեղ պետք է լինի ինովացիա եւ մրցակցային տարբերություններ։ Մենք ուզում ենք տեսնել, թե ինչ գաղափարներ եւ ինչ պրոյեկտներ գոյություն ունեն»:
«Ֆասթ Մեդիա» ընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը, անդրադառնալով նախագծի հեռուստատեսային տարբերակի առաձնահատկություններին, նշել է, որ նախատեսված է նկարահանել 12 հաղորդում, որոնց ընթացքում կներկայացվեն կադրից դուրս մնացած ուշագրավ դրվագները․ «Դետալային աշխատանք է տարվելու ամեն մասնակցի հետ, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա լավագույնս ներկայանալ»:
«Բահամուտ» հիմնադրամի խորհրդի անդամ Արամ Ջիվանյանի խոսքով՝ շեշտը դրվելու է բոլոր ստարտափերին առավելագույնս օգտակար լինելու վրա․ «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ այս գործակցությունն սկիզբ է դնում Web3-ում նոր մշակույթի զարգացմանը։
Բահամուտի մոտեցումը լինելու է մասնակից ընկերությունների մեջ գտնել ամենամեծ ներդրման ներուժ ունեցողներին եւ տրամադրել ոչ միայն դրամաշնորհ, այլեւ գործընկերային հարաբերություններ ստեղծել, ներդրումներ կատարել այդ ընկերությունում»:
10:33 | 18.09.24 | Հոդվածներ
Ucom-ը ներսից. Երեւակայությունը, շուկայի զարկերակն ու պրոդուկտների թիմը