11:19 | 06.09.24 | Նորություններ | 9730
Ucom ընկերությունը «Արեւորդի» ՀԿ-ի հետ համատեղ Սյունիքի մարզի Կապան համայնքի Շիկահող բնակավայրում կայուն էներգիայի ներդրման հերթական ծրագիր է իրականացրել:
Շիկահող բնակավայրի մշակույթի տան տանիքին տեղադրվել է 10.44 կՎտ/ժ դրվածքային հզորության արեւային կայան, որը կապահովի թե՛ մշակույթի տան, թե՛ վարչական շենքի եւ թե՛ բնակավայրում առկա արտաքին լուսավորության էլեկտրաէներգիայի ծախսը։
Շիկահողի մշակույթի տանն է գտնվում բնակավայրի գրադարանը։ Առաջիկայում պլանավորվում է շենքի վերանորոգումը, որից հետո բնակիչները կկարողանան այն օգտագործել տարբեր միջոցառումների, մշակութային խմբակների եւ այլնի համար։
«Մենք մեծ կարեւորություն ենք տալիս շրջակա միջավայրի կայուն լուծումներին եւ ուրախ ենք, որ մեր համագործակցության շնորհիվ կանաչ էներգիան հասանելի կդառնա Սյունիքի սահմանամերձ Շիկահողում: Սա մեր առաջին նախագիծն է Սյունիքում. մենք ոչ միայն Շիկահողին կայուն էներգիա ենք տրամադրում, այլեւ օգնում ենք գումար տնտեսել գյուղի ենթակառուցվածքները բարելավելու համար», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Այս նախագիծը ոչ միայն աջակցում է համայնքային ռեսուրսների խնայողությանը, այլեւ նվազեցնում է շրջակա միջավայրի վրա ազդեցությունը՝ խրախուսելով վերականգնվող էներգիայի օգտագործումը: Արդյունքում, համայնքը կարող է ապավինել ավելի մաքուր եւ կայուն էներգիայի աղբյուրների վրա, ինչը կնպաստի երկարաժամկետ տնտեսական եւ էկոլոգիական կայունության ապահովմանը, հատկապես սահմանամերձ բնակավայրերում», - ասել է «Արեւորդի» ՀԿ-ի տնօրեն Սոնա Քալանթարյանը:
«Նման նախագծերի շարունակականությունը կարեւոր է: Բնակավայրը նախկինում ջեռուցվում էր վառելափայտով՝ սպառելով Շիկահողի արգելոցի միջոցները: Այս կայանները կօգնեն ավելի կայուն եւ արդյունավետ դարձնել համայնքը», - նշել է Շիկահող համայնքի վարչական ղեկավար Զորիկ Նավասարդյանը:
«Արեւորդի» ՀԿ-ի եւ Ucom-ի համագործակցության շրջանակում արեւային կայանների տեղադրման որոշումը պատահական չէ: Կազմակերպությունները առաջնահերթությունը տալիս են բնապահպանական կայուն լուծումներին, որոնք իրենց հերթին համայնքի համար ապահովում են տնտեսական կայունության լուծումներ։