11:55 | 05.09.24 | Նորություններ | 1561

Թումո Եղեգնաձորը հասանելի է դարձել Վայոց Ձորի բոլոր պատանիներին

Թումոն սկսել է նոր ուսումնական տարին Եղեգնաձորում ժամանակավոր կենտրոնի գործունեության մեկնարկով։

Վեց Թումո տուփերից կազմված ժամանակավոր կենտրոնը Թումոյի տեխնոլոգիաների եւ դիզայնի ոլորտներում արտադպրոցական անվճար կրթությունը հասանելի է դարձնում մարզի բոլոր պատանիների համար։ Մարզում արդեն գործող Արենիի, Վայքի, Ջերմուկի եւ շուտով գործարկվող Շատինի տուփերի ուսանողները, ծրագրի ինքնուսուցման բաժինը անցնելով իրենց համայնքներում, դասընթացների եւ աշխատարանների համար կուղեւորվեն մարզկենտրոն ծրագրի շրջանակում ապահովվող տրանսպորտով։

«Տուփերից բաղկացած կենտրոնը հնարավորություն է տալիս ապահովել Վայոց Ձորի պատանիներին Թումոյի կրթությամբ՝ մինչեւ մշտական կենտրոնի վերակառուցման ծավալուն աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը։ Արենիի եւ Վայքի պատանիներն այլեւս ստիպված չեն լինի ավելի քան 2 ժամ երթեւեկել մինչեւ Թումո Երեւան, որպեսզի ամբողջացնեն իրենց թումոյական փորձառությունը դասընթացների եւ աշխատարանների միջոցով», - նշել է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը։

Մարզում գործող կրթական ցանցը հնարավորություն է տալիս շաբաթական շուրջ 1300 պատանու հմտանալ ամենաարդիական ոլորտներում, ինչպիսիք են խաղերի ստեղծումը, ծրագրավորումը, անիմացիան, ֆիլմերի ստեղծումը, թվային նկարչությունը, 3D մոդելավորումը եւ ավելին։

Գործունեության 13 տարվա ընթացքում Թումոն Հայաստանում հիմնել է 7 կենտրոն եւ 37 տուփ, որտեղ շաբաթական այցելում է 25 հազար ուսանող: