11:13 | 31.05.24 | Նորություններ | 13759

Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Առաջնորդության դպրոցի ավարտական միջոցառմանը

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել եւ ելույթով է հանդես եկել Առաջնորդության դպրոցի Առաջնորդության զարգացման 2023-2024 թթ. դասընթացի ավարտական միջոցառմանը։

Դասընթացի մասնակից ուսանողները ստացել են առաջնորդությանը վերաբերող կարեւոր գիտելիքներ ու փորձառություններ, այդ թվում՝ առաջնորդության հիմնարար սկզբունքներ, արդյունավետ կարիերա եւ գործարար կապեր, բիզնեսի ինովացիոն զարգացում, թիմային աշխատանք, հաղորդակցություն եւ բանակցություններ։

Նրանց համար դասախոսություններով են հադես եկել եւ իրենց փորձով կիսվել տարբեր գործարարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ եւ հանրային գործիչներ Հայաստանից ու այլ երկրներից։ Ուսանողները նաեւ կատարել են ուսումնասիրություններ, մշակել ու իրականացրել սեփական նախագծեր։

«Իրական առաջնորդ լինելը միշտ բարդ ու պատասխանատու է, քանի որ կառավարչից բացի առաջնորդը պիտի նաեւ լինի ընկերության արժեքների կրող եւ ջատագով, նա պիտի օրինակ ծառայի բոլորի համար, նաեւ պիտի այնպիսի մթնոլորտ ստեղծի, որ ցանկացած աշխատակից կարողանա օգտակար առաջարկներով հանդես գա ու իրականացնի դրանք։ Դուք էլ, որպեսզի դառնաք լավ առաջնորդներ, պիտի չվախենաք ստեղծագործ, հետեւողական ու վստահ լինել ձեր աշխատանքի մեջ», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Առաջնորդության դպրոցը կարեւորում է գործնական բիզնես գիտելիքների եւ փորձառության փոխանցումը ապագայամետ երիտասարդներին։ Վստահ ենք, որ պարոն Յիրիկյանի եւ Առաջնորդության Դպրոցի մյուս անձնվեր դասախոսների տեսլականներին, վերլուծություններին ու փորձառություններին հաղորդակցումը կարեւոր ազդեցություն կունենա մասնակիցների գալիք ձեռքբերումների եւ Հայաստանի զարգացման գործում», - ասել է Առաջնորդության դպրոցի հիմնադիր նախագահ Սամվել Մովսիսյանը։

Առաջնորդության դպրոց հիմնադրամը գործում է 2009 թվականից։ Կազմակերպության առաքելությունն է տեղական եւ միջազգային կայացած գործիչների, տեսաբանների ու կազմակերպությունների համագործակցությամբ աջակցել ապագա նորարար բիզնես առաջնորդների զարգացմանը Հարավային Կովկասի եւ Պարսից ծոցի ռեգիոններում։