15:13 | 30.05.24 | Նորություններ | 6055

Safe YOU-ն մուտք է գործում Եվրոպա

Safe YOU համաշխարհային նախաձեռնությունը, որը ներկայացնում է կանանց  անվտանգության խթանմանը եւ հզորացմանն ուղղված հարթակ,  հայտարարում է իր գործունեության մեկնարկը Ռումինիայում։

Safe YOU-ի պաշտոնական մեկնարկը Ռումինիայում նախատեսված է հունիսի 3-ին, որտեղ բոլոր գործընկերները եւ շահագրգիռ կողմերը հավաքվելու են՝ նշելու նախաձեռնության մեկնարկը եւ վերահաստատելու իրենց հանձնառությունը   երկրում կանանց անվտանգության եւ հզորացման ապահովմանը: Սա նշանավորում է Safe YOU-ի մուտքը Եվրոպական միություն (ԵՄ)՝ նախաձեռնությունը մոտեցնելով հարթակն ամբողջ աշխարհում տարածելու առաքելությանը։

Safe YOU-ի այս նախաձեռնությունը կյանքի է կոչվում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի  (UNFPA EECARO) աջակցությամբ: Համագործակցությունն ընդգծում է տարածաշրջանում կանանց իրավունքների խթանման եւ նրանց անվտանգության ապահովման հանձնառությունը:

Safe YOU բջջային հավելվածը  պայքարում է կանանց նկատմամբ բռնության դեմ՝ առաջարկելով  անհապաղ օգնություն եւ օգտատերերին միացնելով աջակցող ծառայությունների լայն շրջանակի հետ, ներառելով քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, անհատ մասնագետներին, միջազգային կազմակերպություններին եւ պետական մարմիններին: Դեռեւս 2020 թվականից Safe YOU-ի հիմնական գործընկերներից է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը եւ այս արդյունավետ համագործակցության շնորհիվ հնարավոր է դարձել Safe YOU-ն տարածել սկզբում Իրաքում, իսկ այժմ նաեւ Ռումինիայում։

«Հաշվի առնելով Ռումինիայում ուկրաինացի կին փախստականների խոցելի կարգավիճակը՝ Հայաստանում ստեծված Safe YOU-ն առաջնահերթություն է տալիս պատերազմից տուժած կանանց եւ աղջիկների անվտանգության ու բարեկեցության ապահովմանը՝ առաջարկելով ապահով միջավայր եւ խթանելով համայնքի զգացումը»,- ասել է Safe YOU-ի հիմադրի Մարիամ Թորոսյանը: Նախաձեռնությունը նախատեսված է լուծելու այս կանանց առջեւ ծառացած մարտահրավերները՝ նրանց տրամադրելով անհրաժեշտ աջակցություն՝ վերականգնելու իրենց բնականոն կյանքը:

«Մեր առաքելությունն արդյունավետ իրականացնելու համար համագործակցություն ենք հաստատել Ռումինիայի Sensiblu հիմնադրամի հետ: Հիմնադրամը նախաձեռնության ընթացքում հանդես կգա որպես հիմնական գործընկեր՝ ապահովելով ծառայությունների արդյունավետ մատուցում եւ աջակցություն շահառուներին»,- ասել է Safe YOU-ի գործադիր տնօրեն Լիլիթ Շախուլյանը:

Նախաձեռնությունը զգալի հետաքրքրություն է առաջացրել տարբեր ոչ կառավարական կազմակերպությունների (ՀԿ-ների) եւ կառավարական գործակալությունների կողմից՝ արտացոլելով Ռումինիայում կանանց անվտանգության հրատապ խնդիրը լուծելու հավաքական ցանկությունը: Safe YOU-ն համագործակցում է Ռումինիայի Կանանց եւ տղամարդկանց հավասար հնարավորությունների ազգային գործակալության (ANES) հետ, որը նվիրված է երկրում գենդերային հավասարության խթանմանը: Safe YOU-ն համագործակցային հարաբերություններ է հաստատել  նաեւ մի քանի դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, այդ թվում՝ ամուր աշխատանքային հարաբերություններ է հաստատել Ռումինիայում Հայաստանի դեսպանության հետ՝ հաշվի առնելով հավելվածի հայկական ծագումը։

Safe YOU-ն հավատարիմ է մնում կանանց համար ավելի ապահով եւ ներառական հասարակություն ստեղծելու իր առաքելությանը:

Գործընկերների եւ շահագրգիռ կողմերի հետ համատեղ ջանքերի շնորհիվ Safe YOU-ն փորձում է ընդլայնել իր ազդեցությունը եւ հզորացնել կանանց եւ աղջիկներին ամբողջ աշխարհում: