16:15 | 13.03.24 | Նորություններ | 13979

Ucom-ը 2023-ին կայուն աճ է գրանցել ֆիքսված եւ շարժական կապի ոլորտում

Ucom ընկերությունը 2023 թ-ին բարձր եւ կայուն աճի տեմպ է ապահովել ֆիքսված եւ շարժական կապի ոլորտում։

Համաձայն նախորդ տարի ընդունված հնգամյա ռազմավարության՝ ընկերությունն իր հիմնական նպատակն է դարձրել ընդլայնել ֆիքսված եւ շարժական կապի ցանցը, ինչպես նաեւ բարելավել կապի որակը, որպեսզի Հայաստանի ամբողջ տարածքում բնակիչները հնարավորություն ունենան օգտվել կոնվերգենտ ծառայություններից, այսինքն՝ ստանալ շարժական կապ եւ ինտերնետ, ֆիքսված ինտերնետ եւ հեռուստատեսություն մեկ փաթեթում։ Այս պահին ընկերության ֆիքսված ծառայությունների բաժանորդների կեսից ավելին օգտվում է հենց կոնվերգենտ ծառայություններից՝ ստանալով կապի բոլոր ծառայությունները Ucom-ից։

Մասնավորապես, ընկերության կոնվերգենտ ծառայությունները 2023 թ-ին հասանելի են դարձել նաեւ Իջեւանի, Գորիսի, Գավառի եւ Սեւանի բնակիչների համար։

2023 թ-ի ընդհանուր եկամուտը կազմել է 38,2 մլրդ դրամ, ինչը 5,5 տոկոսով ավելի է, քան 2022 թ-ի եկամուտը։ Ընդ որում, 2023 թ-ի արդյունքում ընկերության ֆիքսված կապի ծառայություններից ստացված եկամուտը կազմել է 16,1 մլրդ դրամ՝ աճելով 2022 թ-ի համեմատ 7,9 տոկոսով։

Ֆիքսված ինտերնետի բաժանորդների քանակը 2023 թ-ին հասել է 133.713՝ 2022 թ-ի համեմատ աճելով 6 տոկոսով։ Ընդ որում, 2023 թ-ին 2022-ի համեմատ Ucom-ն ունեցավ շարժական կապի ծառայություններից օգտվող բաժանորդների թվի ամենամեծ աճը շուկայում՝ 9,2 տոկոս, 2023 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Ucom-ն ուներ շարժական կապից ակտիվ օգտվող 713.151 բաժանորդ։ Եկամուտն այս գծով կազմել է 16,1 մլրդ դրամ՝ աճելով 8,1 տոկոսով։

Գործառնական շահույթը մինչեւ հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվարկումը (OIBDA) կազմել է 16,8 մլրդ դրամ, ինչը 6,6 տոկոսով ավելի է 2022 թ-ի ցուցանիշից։ Ընկերության գործառնական շահույթի մարժան (OIBDA Margin) կազմել է 43,8 տոկոս։

Որպես հարկեր 2023 թ. պետական բյուջե է փոխանցվել 12,4 մլրդ դրամ։

Տեխնիկական արդյունքներ
 
Կապիտալ ծախսերի չափը 2022 թ-ի համեմատ աճել է 26 տոկոսով, ինչն ուղղված է Ucom-ի ցանցերի արդիականացմանը։ Մասնավորապես, կատարվել է ցանցերի եւ սարքերի տեխնիկական զգալի վերազինում, ինչպես նաեւ թարմացվել են ընկերության կողմից օգտագործվող կառավարման համակարգերը, անվտանգության ընթացակարգերը եւ այլ ծրագրային կոմպոնենտներ։  

Մեծացվել է ֆիքսված ցանցի թողունակությունը, նաեւ կատարվել են փոփոխություններ, որոնք ապահովելու են ավելի կայուն կապ եւ հնարավոր ընդհատումների արագ վերականգնում։

Երեւանի տարածքում մոդերնիզացվել է LTE շարժական ցանցի ենթակառուցվածքը՝ ծածկույթն ու թողունակությունը մեծացնելու նպատակով։ Մայրաքաղաքում ընդլայնվել է FTTH (Fiber to the Home) օպտիկական ցանցը եւ բարձրացվել է նրա որակը։

«Մեկ տարի առաջ ինձ վստահվեց ընկերության կառավարումը, մենք մշակեցինք 5 տարվա հավակնոտ ռազմավարություն ու տեսլական, որը ընդունվեց ու հաստատվեց տնօրենների խորհրդի կողմից։ Այս տարվա ընթացքում մեր թիմը միահամուռ աշխատել է ռազմավարությունն իրականացնելու համար։ Այս պահին արդեն գրանցել ենք լուրջ հաջողություններ, մեր ցանցը ամեն օր ընդլայնվում ու ավելի արագ է դառնում, մենք աշխարհահռչակ ընկերությունների հետ համագործակցություն ենք սկսել՝ ուղղված տեխնիկական արդիականացմանը եւ ցանցի հզորացմանը։ Մեր նպատակներն իրոք շատ մեծ են, ու շատ լուրջ ենք տրամադրված», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Միջազգային հավաստագրեր

2023 թվականի ընթացքում ընկերությունը հաջողությամբ անցել է միջազգային սերտիֆիկացման աուդիտ եւ ստացել որակի կառավարման համակարգի ISO 9001 հավաստագիր։

Միջազգային փորձագետների կողմից երկարատեւ եւ մանրակրկիտ ուսումնասիրությունների արդյունքում Ucom-ը 2023 թ-ին ստացել է ISO/IEC 27001 հեղինակավոր հավաստագիր տեղեկատվական անվտանգության բարձր ստանդարտին համապատասխանելու համար, որը տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի (ISMS) ամենաբարձր միջազգային չափանիշն է:

Մարդկային ռեսուրսներ

2023 թվականի ավարտին ընկերությունն ուներ շուրջ 1400 աշխատակից։ Տարվա ընթացքում Ucom-ին միացել է 396 նոր աշխատակից, 195 աշխատակից պաշտոնի բարձրացում է ունեցել, աշխատակիցների համար 220 վերապատրաստման դասընթաց է անցկացվել։

Սոցիալական պատասխանատվություն

Ավանդաբար, Ucom-ն իրականացրել է նաեւ իր ԿՍՊ ծրագրերը։ 2023 թ-ի ընթացքում ինտերնետ կապ է տրամադրվել Կոմիտասի թանգարան-ինստիտուտին եւ մի շարք կրթական հաստատություններին։ Ինտերնետ հասանելիությամբ են ապահովվել նաեւ մի շարք սպորտային եւ մշակութային միջոցառումներ։ Որպես հովանավոր ընկերությունը հանդես է եկել գիտակրթական միջոցառումների ժամանակ, ինչպիսիք են Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը, Միկրոէլեկտրոնիկայի 18-րդ միջազգային օլիմպիադան։

Շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ նախաձեռնվել է արեւային կայանների տեղադրում սահմանամերձ Գողթանիկ, Աղավնաձոր եւ Ռինդ գյուղերում։

Աջակցություն է տրամադրվել Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին։ Մասնավորապես, World Vision Armenia-ի հետ համագործակցության արդյունքում երեք մարզում` Սյունիք, Գեղարքունիք եւ Տավուշ, Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին տրամադրվել է տաք հագուստ, անկողնային պարագաներ, տաքացուցիչներ եւ այլ անհրաժեշտ իրեր։ Այս նախագիծը հովանավորվել է Ucom-ի եւ աշխատակիցների մասնակցությամբ։

Ucom-ը մասնակցել է նաեւ «Գալաքսի» ընկերությունների խմբի եւ Հայկական կարմիր խաչի համատեղ բարեգործական նախաձեռնությանը, որի շրջանակում արցախցի 5000 ընտանիքի 100 տոննա աջակցություն է ցուցաբերվել` առաջնային պարենային փաթեթների տեսքով:

Վայոց Ձորի եւ Տավուշի մարզում բնակեցված փոքրիկ արցախցիներին տրամադրվել են ամանորյա նվերներ։

Ապագա անելիքներ

Պաշտոնական համաձայնագրեր են կնքվել Nokia-ի եւ հեռուստատեսության ժամանակակից լուծումներ առաջարկող միջազգային առաջատար MediaKind ընկերության հետ:

Nokia-ի հետ Ucom-ը արդիականացնելու եւ ընդլայնելու է շարժական ցանցը՝ դարձնելով այն 5G-ին անցմանը պատրաստ Հայաստանի բոլոր մարզերում: Բացի այդ, Nokia-ն թարմացնելու է Ucom-ի ֆիքսված եւ բջջային ցանցերի հիմնական ենթակառուցվածքները, ներդնելու է նոր բարձր թողունակությամբ IP տրանսպորտային ցանց։

MediaKind ընկերության հետ համագործակցելով՝ Ucom-ը առաջարկելու է տեխնոլոգիապես առաջադեմ հեռուստատեսային նոր հարթակ՝ դուրս գալով ներկայիս IP հեռուստատեսության ցանցի սահմաններից:

Նախատեսվում է իրականացնել թվային տրանսֆորմացիայի գործընթաց, որի արդյունքում կբարելավվի հաճախորդների փորձառությունը։ Ընտրվելու եւ ներդրվելու է նոր կոնվերգենտ բիլինգային համակարգ։ Բացի այդ, ընկերությունը մտադիր է մոտ ապագայում նոր պարտատոմսեր թողարկել։  

Տեխնիկական առաջխաղացմանը զուգահեռ, Ucom-ը չի մոռանալու նաեւ իր սոցիալական պատասխանատվության մասին եւ էկոլոգիական նախագծերի շնորհիվ օգնելու է Հայաստանին ունենալ կանաչ ապագա։