15:54 | 13.03.24 | Նորություններ | 12886

Team-ի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը

Հավատարիմ մնալով որդեգրած բաց ու հաշվետու քաղաքականությանը՝ «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) ներկայացնում է բջջային եւ ամրակցված կապի 2023 թ.-ի 4-րդ եռամսյակի տեխնիկատնտեսական եւ ֆինանսական ցուցանիշները։ Ընկերությունը հիմնական ուղղություններով արձանագրել է զգալի աճ։

Շարժական կապ

2023 թ.-ի 4-րդ եռամսյակում ընկերությունը շարժական կապից ստացել է 5.18 մլրդ դրամ եկամուտ։ 2022 թ.-ի 4-րդ եռամսյակի համեմատ եկամուտների ծավալն աճել է 1%-ով, իսկ 2023 թ.-ի 3-րդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 3.4%-ով կամ 168.4 մլն դրամով։ Ինչ վերաբերում է տարեկան ցուցանիշներին, ապա 2023 թ.-ին շարժական կապից ստացված եկամուտները 2022 թ.-ի համեմատ աճել են 1.6%-ով եւ կազմել 19.4 մլրդ դրամ։

Սմարթֆոնների եւ աքսեսուարների վաճառքից ստացված եկամուտները կազմել են 1.1 մլրդ դրամ։ 2022 թ.-ի 4-րդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 19.9%-ով, իսկ 2023 թ.-ի 3-րդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 69.2%։

Շարժական կապի բաժանորդների թիվը 2023 թ.-ի 4-րդ եռամսյակում կազմել է 1,044,939։ 2022 թ.-ի 4-րդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 9%-ով կամ 86,646 բաժանորդով, իսկ 2023 թ.-ի 3-րդ եռամսյակի համեմատ բաժանորդների թիվն աճել է 4.2%-ով կամ 42,376 բաժանորդով։

Մասնավորապես, զգալիորեն աճել է հեռախոսի միջոցով շարժական ինտերնետ օգտագործող բաժանորդների թիվը՝ 660,731։ 2022 թ.-ի 4-րդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 11.5%-ով, իսկ 2023 թ.-ի 3-րդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 5.9%։

2023 թ.-ի տվյալների համաձայն, ընկերությանը բաժին է ընկնում ՀՀ շարժական կապի շուկայի բաժանորդների 25.6%-ը։

Ամրակցված կապ

2023 թ.-ի 4-րդ եռամսյակում «Տելեկոմ Արմենիա»-ն ամրակցված կապից ստացել է 3.8 մլրդ դրամ եկամուտ։ 2022 թ.-ի 4-րդ եռամսյակի համեմատ 2023թ․-ի 4-րդ եռամսյակի եկամուտների ծավալն աճել է 5%-ով, իսկ 2023 թ.-ին ամրակցված կապից ստացվել է 14.62 մլրդ դրամ եկամուտ։

Ամրակցված ինտերնետի բաժանորդների թիվը 2023 թ.-ի 4-րդ եռամսյակի դրությամբ 94.8 հազար է, 2022 թ.-ի 4-րդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 2%-ով։

2023 թ.-ի արդյունքում «Տելեկոմ Արմենիա»-ին բաժին է ընկնում ամրակցված ինտերնետի շուկայի բաժանորդների 32.1%-ը, նաեւ ամրակցված ինտերնետի ծառայություններից ստացված շուկայի եկամուտների 23.1%-ը։

«Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ ընկերությունը շարժվում է ճիշտ ուղով եւ մեր ռազմավարական ծրագրերը, որոնք կենտրոնացած են Հայաստանի ողջ տարածքում բջջային եւ ֆիքսված ամենաժամանակակից ցանցերի կառուցման վրա, ապահովում են բաժանորդների թվի եւ եկամտի կայուն աճ։ Սրան զուգահեռ անցյալ տարի ընկերությունը իրականացրեց եւս մեկ հեռանկարային նախագիծ՝ դարձավ բաց բաժնետիրական։ Այժմ ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում եւ գտնվում են ազատ շրջանառության մեջ։ Մեր բաժնետերերի, ինչպես նաեւ բաժանորդների հետ ավելի բաց ու հաշվետու աշխատաոճը մեզ համար առաջնահերթություն է»,- նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

2023 թ.-ի 4-րդ եռամսյակի տեխնիկատնտեսական ցուցանիշներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այս հղումներով՝ շարժական, ամրակցված։