16:38 | 26.12.23 | Նորություններ | 14724

Yandex-ը ԵՊՀ-ում գեներատիվ մոդելավորման ինտենսիվ դասընթաց է անցկացրել

Դեկտեմբերի 18-ից 23-ը Երեւանի պետական համալսարանում անցկացվեց Yandex-ի անվճար ինտենսիվ դասընթացը գեներատիվ մոդելավորման վերաբերյալ:

Այն վարում էր ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի դասախոս, Yandex-ում պատկերների վերլուծության ենթախմբի ղեկավար Ռոման Իսաչենկոն:

Գեներատիվ մոդելավորումն ու հատկապես պատկերների գեներացումը գնալով ավելի կարեւոր են դառնում ժամանակակից գիտական եւ տեխնոլոգիական զարգացումներում: Ինտենսիվ դասընթացների նպատակն էր ուսանողներին փոխանցել գեներատիվ մոդելների տեսության խորացված գիտելիքներ եւ դրանց կիրառման գործնական հմտություններ:

«Մեզ համար կարեւոր էր ուսանողներին ընկղմել գեներատիվ մոդելավորման տեսության եւ պրակտիկայի մեջ։  Մենք «քանդեցինք-հավաքեցինք» գործնականում կիրառվող հիմնական բլոկները, որպեսզի ուսանողներն առավել ամբողջական պատկերացում կազմեն այս հեռանկարային ոլորտի մասին»,- ասել է Ռոման Իսաչենկոն։

Yandex-ի նոր պրոդուկտների գծով տնօրեն եւ Հայաստանում Yandex-ի գրասենյակի ղեկավար Դմիտրի Ստեպանովն ընդգծել է կրթության կարեւորությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում․

«Yandex-ի թիմն ակտիվորեն ռեսուրսներ է ներդնում Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման գործում։ Մենք համարում ենք, որ կրթությունը տնտեսության առանցքային բաղադրիչն է՝ հիմնված գիտության եւ նորարարության վրա։ ԵՊՀ-ի հետ գործընկերությունը եւ նման ինտենսիվ դասընթացների անցկացումը թույլ են տալիս ընդլայնել ուսանողների կրթական հնարավորությունների սահմանները, ինչը նպաստում է ապագայի համար որակյալ կադրերի պատրաստմանը»։

Դասընթացը մեծ հետաքրքրություն առաջացրեց ուսանողների շրջանում, ուստի Yandex-ն  ու ԵՊՀ-ն դիտարկում են գործընկերությունն ընդլայնելու, մասնավորապես, դասընթացը հիմնական ուսումնական ծրագրում ներառելու հնարավորությունը:

Yandex-ն ավելի քան 15 տարի իրականացնում է ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս բոլոր ցանկացողներին, անկախ փորձից ու տարիքից, որակյալ ՏՏ կրթություն ստանալ տարբեր ոլորտներում։ Հայաստանում ընկերության առաջին կրթական նախագիծը՝ Yandex-ի՝ Վանաձորում եւ Գյումրիում գործող ծրագրավորման դպրոցը, սկսել է աշխատանքը 2017 թ.՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) հետ համատեղ: Դպրոցում  ավագ դպրոցի աշակերտները սովորում են Python ծրագրավորման լեզուն, օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման (OOP) եւ տվյալների վերլուծության հիմունքները: 2023 թ. առաջին կիսամյակի տվյալով՝ Հայաստանում ծրագրավորման դպրոցն ավարտել է ավելի քան 350 աշակերտ։

Yandex-ի տվյալների վերլուծության դպրոցն անվճար կրթական ծրագիր է նրանց համար, ովքեր ցանկանում են data science-ի առաջատար մասնագետ կամ մեծածավալ տվյալների պահպանման եւ մշակման համակարգերի ճարտարապետ դառնալ: Դպրոցում դասավանդում են չորս ուղղությամբ՝ data science, մեքենայական ուսուցման զարգացում, մեծածավալ տվյալների ենթակառուցվածքներ ու տվյալների վերլուծություն, ինչպես նաեւ արհեստական բանականություն կիրառական գիտություններում:  ՏՎԴ ուսանողներն ու շրջանավարտները հիմնարար գիտական մշակումներ են իրականացնում տվյալների վերլուծության ոլորտում: Նախագիծը գործում է 2007 թվականից։