14:52 | 25.12.23 | Նորություններ | 21752
Ucom-ը ստացել է ISO/IEC 27001 հեղինակավոր հավաստագիր տեղեկատվական անվտանգության բարձր ստանդարտին համապատասխանելու համար։
Միջազգային փորձագետների կողմից երկարատեւ եւ մանրակրկիտ ուսումնասիրությունների արդյունքում հեռահաղորդակցության ոլորտում առաջատար Ucom ազգային օպերատորը որակավորվել է ISO/IEC 27001 ստանդարտով, որը տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի (ISMS) ամենաբարձր միջազգային չափանիշն է:
«Այժմ, երբ տեղեկատվական անվտանգությունն ավելի արժեքավոր է, քան երբեւէ, ISO 27001 հավաստագրի ձեռքբերումը նշանակալի իրադարձություն է հեռահաղորդակցության տեղական շուկայում եւ մեր ընկերության համար։ Այս քայլով մենք նախեւառաջ ուզում ենք փոխանցել մեր բաժանորդներին եւ գործընկերներին, որ իրենց տվյալների անվտանգությունը եւ ընդհանրապես տեղեկատվական անվտանգությունը ամենակարեւորն է մեզ համար», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Միջազգային ոսկե ստանդարտ համարվող ISO/IEC 27001-ին համապատասխանությունը նշանակում է, որ հավաստագիր ստացած ընկերությունում ներդրված է տեղեկատվական անվտանգության, կիբերանվտանգության եւ անձնական տվյալների պաշտպանության հետ կապված ռիսկերի կառավարման պատշաճ համակարգ։ Այն թույլ է տալիս տեղյակ լինել անվտանգային ռիսկերից եւ վաղ հայտնաբերման միջոցով կանխարգելել դրանք։
«Ucom-ն իր ռազմավարական նպատակներին հասնելու համար սահմանել է նոր թիրախներ, որոնց հասնելու կարեւոր պայմաններից էր համապատասխան բարեփոխումների իրականացումը եւ որպես արդյունք՝ ISO/IEC 27001 սերտիֆիկատի ստացումը: Համակարգի ներդրման գերնպատակը թե՛ բաժանորդների, թե՛ աշխատակիցների անձնական տվյալների պաշտպանությունն է, ինչը մշտապես եղել է ընկերության ուշադրության կենտրոնում: Այս սերտիֆիկատը ընկերութունն ստացել է՝ անցնելով աուդիտ անգլիական QuayAudit-ի կողմից» - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրենը։
Սա Ucom-ի արդեն երկրորդ ISO սերտիֆիկացումն է։ 2023 թվականի ընթացքում ընկերությունը հաջողությամբ անցել էր միջազգային սերտիֆիկացման աուդիտ եւ ստացել որակի կառավարման համակարգի ISO 9001 հավաստագիր: