14:32 | 25.12.23 | Նորություններ | 1417

Ռոստելեկոմ Հայաստանը 2023-ին իրականացրել է ռազմավարական նախագծեր եւ նորարական ծառայություններ

«Ռոստելեկոմ Հայաստան»-ը ամփոփում է 2023 թ․-ը բաժանորդների համար նոր ծառայությունների գործարկմամբ, ռազմավարական նոր նախագծերի իրականացմամբ, ցանցի ընդլայնմամբ եւ այլ ձեռքբերումներով: 2023թ. ընթացքում ընկերության կողմից գործարկվել են մի շարք նորարական ծառայություններ։

Հայաստանի օգտատերերին հասանելի է դարձել Wink օնլայն կինոթատրոն եւ TV  հավելվածը, որն առաջինն է իր տեսակով հայկական շուկայում։ Հավելվածը ներառում է ավելի քան 50, 000 ֆիլմ, սերիալ ու մուլտֆիլմ, ինչպես նաեւ համերգներ, վավերագրական ֆիլմեր, կարաոկե, բլոգերների ուսուցողական եւ ժամանցային վիդեո բովանդակություն: Wink-ի օգտատերերին հասանելի են տեղական եւ օտարերկրյա ամենապահանջված եթերային եւ թեմատիկ հեռուստաալիքները։ Շուտով Wink-ի ամբողջովին հայաֆիկացված վիդեոծառայությունը կներառվի Ռոստելեկոմի ինտերնետ եւ TV փաթեթների մեջ։

Ամպային խաղերի համաշխարհային առաջատար GeForceNow ընկերության հետ համատեղ, առաջին անգամ Հայաստանում Ռոստելեկոմը գործարկել է «PowerPlay» ամպային խաղային ծառայությունը՝ բացելով համակարգչային խաղերի աշխարհը Ռոստելեկոմի բոլոր բաժանորդների համար։ «PowerPlay» ծառայության շնորհիվ բաժանորդները հնարավորություն են ստացել համակարգիչը, սմարթֆոնը կամ պլանշետը, վերածելով հզոր խաղային սարքի, խաղալ ամենապահանջկոտ գրաֆիկայով խաղերը:

Նոյեմբերին գործարկվել է Ամպային տեսահսկման ծառայությունը, որը հնարավորություն է տալիս բաժանորդներին 24/7 հսկողություն սահմանել տանը, բակում կամ գրասենյակում։ Ծառայությունը բացառիկ հնարավորություն է տալիս բաժանորդներին պահպանել տվյալներն անվտանգ ամպային տիրույթում, արխիվացնել դրանք մինչեւ 14 օր, վերահսկել տեսախցիկները հավելվածի միջոցով կամ վեբ տարբերակով։ Ամպային տեսահսկման ծառայությունը եւս մեկ հեղափոխական քայլ էր շուկայում ամպային տեխնոլոգիաների զարգացմանն ընդառաջ։

Այս տարի ընկերությունն իր լայնաշերտ ցանցը հասանելի է դարձրել Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում՝ հնարավորություն ընձեռելով այս համայնքի մեր համաքաղաքացիներին օգտվել ընկերության նորագույն տեխնոլոգիաներից։ Հաջորդ տարվա ընթացքում նախատեսվում է ընդլայնել ցանցը նոր վարչական շրջաններում։  

2023թ․-ին ընկերությունը մեկնարկել է Հայաստանում հզորագույն եւ խոշորագույն տվյալների մշակման կենտրոնի (data center) կառուցման աշխատանքները:
Այն նախատեսվում է գործարկել 2024 թ․-ի գարնանը։ Այս գերժամանակակից կառույցը իր հզորություններով կապահովի Հայաստանում տվյալների կառավարման եւ ամպային ծառայությունների հիմնական մասը։

TIER III միջազգային ստանդարտներին համապատասխան տվյալների մշակման կենտրոնի հզորությունը կազմում է 2,5 ՄգՎ, այն ներառում է 218 սերվերային պահարան եւ ամպային նորագույն տեխնոլոգիաներ, որոնց միջոցով կապահովվի տվյալների անվտանգ մշակումը, պահպանումը բիզնեսի, ինչպես նաեւ պետական կառույցների համար՝ այսպիսով նաեւ նպաստելով Հայաստանի թվային ապագայի զարգացմանը։

Հաշվի առնելով երկրի համար ռազմավարական նշանակությունը՝ Տվյալների մշակման կենտրոնի ներդրումային ծրագիրն արժանացել է ՀՀ Կառավարության հավանությանը եւ ներառվել «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագրում։  

«Ամփոփելով տարին՝ ցանկանում եմ ընդգծել, որ նոր տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ոլորտում մենք ունեցել ենք զգալի ձեռքբերումներ։ 2023թ․-ը մեզ համար նորարարությունների տարի էր՝ հատկապես ամպային ծառայությունների ներդրման իմաստով։ Մեր թիմը հաջողությամբ մշակել եւ գործարկել է մի շարք առաջադեմ տեխնոլոգիական լուծումներ, որոնք ոչ միայն ընկերությունն են տեղափոխել զարգացման նոր մակարդակ, այլեւ մեծ եւ դրական ազդեցություն են ունեցել ոլորտի վերափոխման վրա: Մենք ուրախությամբ ենք ամփոփում տարին եւ գիտակցում, որ սպասվում են նոր մարտահրավերներ, խոշոր նախագծեր ու ձեռքբերումներ գալիք տարում»- նշել է Ռոստելեկոմի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Հավատարիմ մնալով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իր քաղաքականությանը՝ Ռոստելեկոմը 2023թ․-ին նախաձեռնել եւ մասնակցել է մի շարք սոցիալական ու բարեգործական միջոցառումների։

Ընկերությունն իր մասնակցությունն է ունեցել City of Smiles» հիմնադրամի՝ քաղցկեղի դեմ պայքարող երեխաներին ուղղված աջակցության ծրագրերում։ Այս նախաձեռնության մասնակցությունը ամենամյա բնույթ է կրում՝ հաշվի առնելով դրա կարեւորությունը:

Ռոստելեկոմը մասնակցել է «GENESIS ARMENIA» գիտահետազոտական ուղեղային կենտրոն-հիմնադրամի եւ «ՌեԱրմենիա» ՀԿ-ի՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցող ծրագրերում 10 մլն դրամի չափով։

Ընկերությունը շարունակել է աջակցությունն Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին «Արցախ» հատուկ առաջարկի գործարկմամբ, որը հնարավորություն էր տալիս 4 ամիս անվճար օգտվել ընկերության տրամադրած ծառայություններից։

Ընկերությունն իր ֆինանսական աջակցությունն է տրամադրել նաեւ «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամին՝ Մեղրիում կառուցվող մանկական վերականգնողական կենտրոնի ստեղծման նպատակով։

«Ռոստելեկոմը կշարունակի նորարական լուծումների եւ ռազմավարական զարգացման կարեւոր նախագծերի իրականացման իր քաղաքականությունը հետագա տարիների ընթացքում՝ այսպիսով վերափոխելով տեխնոլոգիական ոլորտը Հայաստանում»,- ասված է ընկերության հաղորդագրությունում: