14:05 | 22.12.23 | Նորություններ | 1713

Հայտնի է New Nordic Ventures-ի անցկացված մրցույթի հաղթողը

New Nordic Ventures-ը (B2B ոլորտի ստարտափներին գլոբալ ընդլայնման ճանապարհին աջակցող ընկերություն) անցկացրել է հայկական եւ վրացական ստարտափների համար ֆինանսավորման մրցույթ։

Հայտեր կարող էին ներկայացնել գործունեության վաղ փուլում գտնվող, ուժեղ թիմ ունեցող եւ մրցունակ գաղափարներով աչքի ընկնող թիմերը։

Հայտադիմումներից ընտրվել էր 10 ստարտափ, որոնք իրենց նորարար լուծումներն են ներկայացրել մրցույթի վերջին փուլում՝ Pitch Battle-ում։ Քվարկության արդյունքում հաղթող է ճանաչվել SARD Anti-Cheat-ը։

SARD Anti-Cheat-ն ունի վիդեոխաղերի կիբերանվտանգության ոլորտում 15 տարվա փորձառություն ունեցող թիմ։ Ընկերության առաջարկած լուծումը հաջողությամբ համադրում է ավանդական՝ կերնելային մեթոդով աշխատող անվտանգության համակարգը՝ ավելի նորարար AI եւ ML մոդուլների հետ եւ առաջարկում շուկայում եզակի գործիքակազմ։

Որպես մրցույթի հաղթող, SARD-ը կստանա 250,000 դոլար մրցանակ եւ մասնագիտական աջակցություն ու առաջնորդություն New Nordic Ventures-ի թիմից՝  ծառայությունները հետագայում ընդլայնելու համար:

SARD Anti-Cheat-ից հայտնում են, որ ընկերությունն այս կապիտալը կօգտագործի գործունեության ընդլայնման եւ պրոդուկտի ճանապարհային քարտեզի մշակումն արագացման համար։