15:52 | 29.11.23 | Նորություններ | 1471
Հայերեն «Վիքիպեդիա» առցանց հանրագիտարանի 32 խմբագիր մեկ ամսում ստեղծել է հայերեն 769 նոր հոդված։
«Վիքի.հայ» ամենամյա մրցույթը, որի շրջանակում իրականացվել է այս աշխատանքը, կազմակերպել են «Ինտերնետ հանրություն» (ISOC.AM) եւ «Վիքիմեդիա» կազմակերպությունները։ Նպատակը համացանցում հայերեն բովանդակության հարստացումն է, հայության մասին հոդվածների պատրաստման խթանումը։
Մրցույթի արդյունքներն ամփոփվել են նոյեմբերի 29-ին, մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությամբ։ Աշխատանքը գնահատվել է հոդվածների քանակի եւ որակի համադրմամբ։
Լավագույնն են ճանաչվել վիքի 5 խմբագիր՝ արժանանալով «Ինտերնետ հանրություն» ՀԿ սահմանած դրամական պարգեւների եւ մասնակցության հավաստագրերի, 2 խմբագրի էլ շնորհվել է խրախուսական հավաստագիր։
«Արդեն երեք տարի հետեւողականորեն սկսել ենք այս աշխատանքը «Վիքիմեդիայի» հետ եւ ուրախ ենք արձանագրել, որ միայն այս մրցույթի շնորհիվ ունենք ստեղծված շուրջ 2000 հոդված»,- ասել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի անդամ Քրիստինա Հակոբյանը։