18:02 | 28.11.23 | Նորություններ | 14027

Մեկնարկել է Viva University կրթական ծրագրի նոր փուլը

Մեկնարկել է Viva University («Վիվա Յունիվերսիթի») կրթական ծրագրի նոր փուլը, որի արդյունքում երիտասարդները գործնական գիտելիքներ, նեղ մասնագիտական հմտություններ եւ կարեւոր փորձառություն են ձեռք բերում:

Ընթացիկ տարում արդեն երկրորդ անգամ ընկերությունը մեկնարկային նոր հնարավորություններ է ստեղծել եւս 22 ուսանողի համար: Դիմորդների հերթական խմբին ողջունելով՝ Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը արժեքավոր ձեռքբերում է համարել այն, որ առաջին հոսքից մի քանի ուսանող սկսել է աշխատել ընկերությունում:

«Եթե երեսուն տարի առաջ ունենայի այն, ինչ տրվելու է ձեզ այս ծրագրի ընթացքում, երջանիկ կլինեի: Այստեղ գտնվելը ձեզ թույլ կտա փնտրտուքներից զերծ մնալով խնայել հինգ տարի: Ստիպված չեք լինի մտածել, թե ում դիմել, ինչպես կամ որ ոլորտում աշխատել, ինչպիսի միջավայրում լինել կամ ում հետ շփվել: Հինգ տարին զգալի ժամանակահատված է: Ձեզ հետ աշխատելու է հեռահաղորդակցության շուկայում աշխատող պրոֆեսիոնալների լավագույն թիմերից մեկը եւ ձեզ հնարավորություն կընձեռվի յուրացնել բարձրորակ մասնագետների փորձն ու գիտելիքները՝ աշխատելով թիմային աշխատանքի ձեւաչափով, ինչն անհնար է ակադեմիական կրթության շրջանակում»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Տարիների փորձը կիսելու Վիվա-ՄՏՍ-ի պատրաստակամությունը մեծ ներդրում է աշխատող-գործատու օղակում առաջընթաց արձանագրելու համար: Ուսանողների հերթական խումբը «Viva University» («Վիվա Յունիվերսիթի») ծրագրի շրջանավարտ կդառնա տարեվերջին: Ձեռք բերած փորձն ու գործնական գիտելիքները նրանց թույլ կտան տեղ գտնել աշխատաշուկայում եւ լավագույն արդյունք գրանցել մասնագիտական ոլորտում: Համապատասխան ոլորտում հաստիքների առկայության դեպքում լավագույն շրջանավարտներին կտրվի Վիվա-ՄՏՍ-ում աշխատանքի անցնելու հնարավորություն:

Ընթացիկ տարում մայրաքաղաքում եւ մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող: Առաջին փուլի մասնակիցները մասնագիտացել են ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաների) եւ վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտում: Երկրորդ փուլում տարբեր բուհերից ընտրված 22 ուսանող ներկայացրել է սպասարկման ոլորտում հմտանալու հայտ եւ այժմ մասնագիտացման դասընթացներ է անցնում Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման տարբեր կենտրոններում։