12:54 | 01.09.23 | Նորություններ | 6552

Հայկական SARD Anti-Cheat-ը ներկայացել է Gamescom-ում

Համակարգչային խաղերի կիբերանվտանգություն ապահովող SARD Anti-Cheat-ը Քյոլնում մասնակցել է Gamescom-ին եւ Devcom-ին:

Gamescom-ը խաղերի ոլորտում անցկացվող աշխարհում ամենանշանավոր իրադարձություններից է, որն ամեն տարի մեկ հարկի տակ է հավաքում ոլորտի առաջատար մասնագետներին եւ սիրահարներին՝ ստեղծելով խաղային տեխնոլոգիաների նորագույն միտումներին եւ վերջին նորություններին տեղեկանալու հարթակ: Devcom-ը նախատեսված է հենց խաղեր ստեղծող եւ հրապարակող կազմակերպությունների համար։

Այս տարի հայկական SARD Anti-Cheat-ը հանդես է եկել որպես Devcom-ի գործընկեր՝ ներկայացնելով տարաբնույթ կեղծիքներից եւ խաբեություններից զերծ խաղային միջավայր ապահովող իր տեխնոլոգիական լուծումը։

SARD Anti-Cheat-ի առաջարկած լուծումը համադրում է AI-ով եւ կերնելային մակարդակում աշխատող մեթոդներ։ SARD Anti-Cheat-ն ստեղծված է կանխելու համակարգչային խաղերի ոլորտի համար սպառնալիք հանդիսացող խաբեություններն ու զեղծարարությունները՝ բոլոր խաղացողներին ապահովելով հավասար մրցակցային պայմաններ, ինչպես նաեւ բիզնեսի զարգացման հնարավորություններ՝ խաղ ստեղծողներին։

SARD-ն ունի կիբերանվտանգության ոլորտում 1-14 տարվա փորձ ունեցող 30 մասնագետից բաղկացած թիմ, որին վստահված է ավելի քանի 35 խաղի անվտանգության ապահովումը։