14:09 | 24.07.23 | Նորություններ | 1195
CaseKey 2023-ի ընթացքում տեղի է ունեցել Team Telecom Armenia-ի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) քեյսի ներկայացումը:
Հայաստանի տարբեր բուհերից շուրջ 200 երիտասարդ ծանոթացել է առաջնային հրապարակային տեղաբաշխման բոլոր մանրամասներին։ Թիմերին տրամադրվել է ընկերության զարգացման ռազմավարական խնդիրը։ Լուծումներ առաջարկելու համար թիմերն ունենալու են ընդամենը 72 ժամ։
Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշել է, որ իրենք ունեն ռազմավարական նախագծեր, որոնց իրականացման արդյունքում ընկերությունը կկարողանա տարեցտարի բարձրացնել բաժնետոմսերի արժեքը․ «Որդեգրելով բաց ու թափանցիկ գործելաոճ՝ ցանկանում ենք լսել երիտասարդ մասնագետների վերլուծությունների վրա հիմնված առաջարկները։ Վստահ եմ՝ դրանցից շատերը կլինեն կիրառելի եւ կօգնեն առաջին հանրային տելեկոմ ընկերությանը հաջողելու»։
Մինչեւ CaseKey հիմնական մրցույթը ուսանողական թիմերը ողջ տարվա ընթացքում մասնակցում են թրեյնինգների եւ սովորում լուծել գործող բիզնեսների խնդիրներ: Վերջին 3 ամսվա ընթացքում մրցույթում ներգրավվել է ավելի քան 230 ուսանող, 30 մարզիչ, 15 բուհ եւ կրթական կենտրոն, մի շարք ձեռնարկություններ՝ տարբեր ոլորտներից, ինչպես նաեւ անցկացվել է 10-ից ավելի դասընթաց:
«Արդեն երրորդ տարին է, ինչ համագործակցում ենք Team Telecom Armenia-ի հետ, եւ վստահ ենք, որ այս համագործակցությունը իր կարեւոր տեղն ունի Հայաստանի կրթական եւ բիզնես ոլորտների զարգացման գործում»,- նշել է CaseKey նախագծի հիմնադիր Արշակ Կարապետյանը։
Բիզնես խնդրի ներկայացմանը հաջորդել է «Առաջնային հրապարակային տեղաբաշխում․ հնարավորություններ տնտեսության, ընկերության եւ հանրության համար» թեմայով պանելային քննարկումը։
Քննարկման խոսնակներն էին Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը, Ամերիաբանկի Ներդրումային բանկային գործառնությունների գծով տնօրեն Առնո Մոսիկյանը, Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, Բիբլոս բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը, Եվրո-Ասիական Ֆոնդային Բորսաների Միության գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը։ Քննարկման մոդերացիան իրականացնում էր ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության եւ կարգավորման դեպարտամենտի տնօրեն Գարեգին Գեւորգյանը։
Մրցույթի մասնակից 22 թիմի առաջարկած լուծումներից ընտրվելու է լավագույն 6-ը, որոնք կներկայացվեն օգոստոսի 6-ին։