12:49 | 24.07.23 | Նորություններ | 1269

Հայաստանի թիմը 4 մեդալ է վաստակել Ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների օլիմպիադայում

Հուլիսի 15-21-ը Շվեդիայի Լունդ քաղաքում կայացել է ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 3-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 52 երկրի 189 դպրոցական:

Հայաստանի թիմը ներկայացել է չորս մասնակցով, որոնցից երեքը ներկայացնում էր Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը, իսկ մեկը՝ Շիրակացու անվան ճեմարանը:

Ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ֆիլյա Գեիկյանն արժանացել է արծաթե, իսկ նույն դպրոցի սաներ Մերի Բադալյանը (12-րդ դասարան), Արփի Պրազյանը (10-րդ դասարան) եւ Շիրակացու անվան ճեմարանի աշակերտ Սյուզաննա Գրիգորյանը (12-րդ դասարան)՝ բրոնզե մեդալների։

Հայաստանի թիմը ղեկավարել են Արմեն Անդրեասյանը (ԵՊՀ դասախոս) եւ Սամվել Անդրեասյանը (ԵՊՀ ուսանող)։

Ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 2-րդ միջազգային օլիմպիադան առկա ձեւաչափով անցկացվել է Թուրքիայում, որին Հայաստանի թիմը չի մասնակցել, իսկ 1-ին օլիմպիադայում, որն անցկացվել էր 2021թ․-ին առցանց ձեւաչափով /կազմակերպիչ երկիր՝ Շվեյցարիա/ Հայաստանի թիմն արժանացել էր 1 արծաթե եւ 1 բրոնզե մեդալների։

Հայաստանի թիմի մասնակցությունն օլիմպիադային ապահովվել է ՏՏ ոլորտի Sky Labs, Zoomerang եւ IQ Soft ընկերությունների հովանավորությամբ: