12:27 | 19.07.23 | Նորություններ | 1858

Cognaize-ը $18 մլն ներդրում է ստացել

Հայ հիմնադիրներ ունեցող Cognaize-ը հայտարարել է $18 մլն Series A ներդրում ներգրավելու մասին՝ ֆինանսական ոլորտի համար ավելի ընդլայնված լավ լեզվական մոդել (LLM) մշակելու նպատակով։

Series A ներդրումային փուլը գլխավորում է Argonautic Ventures-ը, որին մասնակցում են նաեւ Metaplanet-ը եւ այլ անանուն ներդրողներ: Ֆինանսավորումն ուղղվելու է տեխնոլոգիական հզորացմանն, ինչպես նաեւ թիմի ընդլայնմանը: Cognaize-ը գրասենյակներ ունի նաեւ Գերմանիայում ու Հայաստանում։

Cognaize-ն ապահովում է փաստաթղթերի խելացի մշակում (IDP) ֆինանսական եւ ապահովագրական ընկերությունների համար։ Այն արհեստական բանականության վրա հիմնված ֆինթեք ընկերություն է, որը հիմնադրվել է 2018 թվականին Վահե Անտոնյանի կողմից:

«Արհեստական բանականությունը, գեներատիվ AI-ը, տվյալների լայնածավալ ճարտարագիտությունը եւ այլ էքսպոնենտալ տեխնոլոգիաները կարող են օգտագործվել եւ արժեւորվել միայն կոմպետենտ եւ խորապես հոգատար մարդկանց համառ հաստատակամության եւ համագործակցության շնորհիվ:

Cognaize-ի գոյության պատճառն առաջին իսկ օրվանից եղել է համագործակցությունը ֆինանսական ոլորտի ընկերությունների հետ՝ բարելավելու որոշումների կայացումը ֆինանսական առաջնագծում, հզորացնելով մարդկային բանականությունը արհեստական բանականությամբ: Մենք սա հիբրիդային բանականություն ենք անվանում: Որպես ընկերություն՝ մեր նպատակն է այս հիբրիդային ինտելեկտը շարունակաբար հզորացնել»,- նշել է Cognaize-ի գործադիր տնօրեն Ալ Եսայանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ընկերությունն ընդգրկվել է Startup50 հարթակի կազմած 2023-ի Big50 թեժ ստարտափների վարկանիշում՝ արհեստական եւ հիբրիդային բանականության հետ աշխատանքի համար։