11:25 | 19.07.23 | Նորություններ | 6936

Վիվա-ՄՏՍ-ը նոր տեխնոլոգիաներ է ներդնում գյուղերում

Վայոց ձորի մարզի 5 համայնքում կենդանիների հարձակմանը ենթարկվող տարածքներն սկսել են հսկվել «էլեկտրական հովիվներով»:

Մարդ-վայրի կենդանի հակասությունը մեղմելու համար երեք տարի առաջ Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) անհրաժեշտ տարածքը պաշտպանելու ժամանակակից լուծում են առաջարկել ֆերմերներին:

«Էկո գյուղերի ցանց» ծրագրի շրջանակում երկու համակարգ էլ ստացել է Վայք համայնքը. ընթացիկ տարում դրանց թիվն ավելացել է չորսով: Օգտվողներն արդեն նկատելի տարբերություն են արձանագրել:

«Այս տարի 4 համակարգ ենք ստացել եւ տվել ենք մեղվապահներին, որովհետեւ անցած տարի արջը շատ է վնասել մեղվափեթակները: Այս «էլեկտրական հովիվների» առավելությունը այն է, որ շատ հեշտ հավաքվում են, եւ երբ ցանկանան, ընդամենը 15-20 րոպեում կարող են տեղափոխել եւ ուրիշ տեղ հավաքել: Դրանք կենդանուն, բնությանը վնաս չեն տալիս»,- ասել է Վայք խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Մաթեւոսյանը:

Էլեկտրական ցանկապատն աշխատում է բարձր լարմամբ, սակայն՝ հոսանքի ցածր ուժով (ամպերաժով): Դրա արդյունքում կենդանիները ֆիզիկապես չեն տուժում, այլ տհաճություն զգալով՝ այլեւս չեն մոտենում ցանկապատված տարածքներին: