16:20 | 28.06.23 | Նորություններ | 8492

Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է «Աշխարհի հայերը» գրքաշարի վերջին հատորը

Վիվա-ՄՏՍ-ը «Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի» հետ գործընկերությամբ ներկայացնում է «Աշխարհի հայերը» գրքաշարը։

Վերջերս ընթերցողի սեղանին է դրվել գրքաշարի 13-րդ հատորը՝ նվիրված աշխարհի հայ բարերարներին, մարդկանց, որոնք տարիներ շարունակ օրինակելի կերպար են եղել բոլորի համար։

Գրքում տեղ են գտել բարերարներ Գալուստ Գյուլբենկյանի, Ալեքսանդր Մանթաշյանցի, Միքայել Արամյանի, Փոլ Չաթերի, Հովհաննես Լազարյանի, Պողոս Նուբարի, Ալեք Մանուկյանի, Քըրք Քրքորյանի, Շառլ Ազնավուրի եւ Ջերարդ Գաֆեսճյանի անունները, նրանց անցած ուղին ու ներդրումը։

2011 թ.-ից հրատարակվող «Աշխարհի հայերը» գրքաշարի առաջին չորս հատորը նվիրված է աշխարհի մայրցամաքներում կառուցված հայկական մոտ 800 հուշարձանի։ Այնուհետեւ շարքը շարունակվում է աշխարհի հայերին նվիրված հրատարակություններով (աշխարհի հայ երաժիշտներին, նկարիչներին, կինոգործիչներին, ազդեցիկ կանանց)։ Նրանց թվում են ինչպես ճանաչված դեմքեր, այնպես էլ՝ շատերին անծանոթ մարդիկ։

Գրքաշարը նախատեսված չէ վաճառքի համար, սակայն էլեկտրոնային տարբերակով հասանելի է Վիվա-ՄՏՍ-ի կայքում։