16:30 | 20.06.23 | Նորություններ | 14350

Ucom-ի տեխնիկական աջակցությամբ կայացել է ազատ ոճի ըմբշամարտի մրցաշար

«Յուքոմ» ընկերության տեխնիկական աջակցությամբ Երեւանի «Միկա» մարզադահլիճում կայացել է Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի եռակի գավաթակիր, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ազատ ոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան գավաթի 25-րդ խաղարկությունը:

Մրցաշարին մասնակցել է 125 ըմբիշ 14 երկրից, այդ թվում՝ Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ուկրաինայից, Տաջիկստանից, Ղազախստանից, Բահրեյնից եւ այլն։ Հայաստանից մասնակցել են բոլոր անվանի ըմբիշները: Ընդհանուր հաշվարկում հայ ըմբիշները նվաճել են 3 ոսկե եւ 1-ական արծաթե եւ բրոնզե մեդալ: Մրցումները նախընտրական էին Սերբիայում կայանալիք Աշխարհի առաջնության համար, որը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար:

«Պատրաստակամությամբ ենք աջակցել մրցաշարի կայացմանը՝ տրամադրելով հասանելիություն Հայաստանում ամենաարագ ինտերնետ կապին եւ ապահովելով բազմաթիվ երկրներից միջազգային այս մրցաշարն ուղիղ հեռարձակմամբ դիտելու հնարավորությունը»,- ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Մրցաշարի մրցանակային ֆոնդը 80 հազար ԱՄՆ դոլար էր, որը բաշխվել է 10 քաշային կարգում մրցանակային տեղ զբաղեցրած 40 ըմբիշի միջեւ: Դրամական պարգեւ են ստացել նաեւ չեմպիոնի մարզիչները: