16:22 | 01.06.23 | Նորություններ | 6317

Սյունիքում 14 Արմաթ լաբորատորիա կվերազինվի

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության եւ Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիայի (C-Quadrat Ampega Armenia) միջեւ ստորագրվել է հուշագիր, որով ընկերությունը կօգնի վերազինել Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքների 14 Արմաթ լաբորատորիա։

ԱՏՁՄ-ից տեղեկացնում են, որ նվիրատվության գումարը մոտ 8 միլիոն դրամ է, որը նախատեսված է Սյունիքի Արմաթ լաբորատորիաների համար համակարգիչներ ձեռք բերելու, համակարգիչների, եռաչափ տպիչների CNC շաղափային հաստոցների վերազինման, Arduino ռոբոտաշինության հավաքածուների, եռաչափ տպիչի լցանյութի ձեռքբերման եւ անհրաժեշտ այլ պարագաներով լաբորատորիաները կահավորելու համար։

ԱՏՁՄ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Կարապետյանը հույս է հայտնել, որ այս օրինակը կոգեւորի մյուս ընկերություններին որպես սոցիալական պատասխանատվություն խթանել մարզերում տեխնոլոգիական կրթությունը։  

«Վերազինումը շատ կարեւոր է Արմաթ լաբորատորիաների շարունակական գործունեությունն ապահովելու, ինչպես նաեւ վստահ լինելու համար, որ կրթական ծրագրի բոլոր բաղադրիչներն ենք կարողանում հասանելի դարձնել Հայաստանի բոլոր մարզերի երեխաներին»,-նշել է նա։

Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերությունը կենսաթոշակային եւ ներդրումային ֆոնդերի կառավարիչ ընկերություն է, որի նպատակը Հայաստանում ակտիվների կառավարման ծառայությունների մատուցումն է։ Ընկերությունը կառավարում է ավելի քան 320 միլիարդ ՀՀ դրամ արժողությամբ կենսաթոշակային եւ ներդրումային ֆոնդերի ակտիվներ։