13:09 | 19.10.22 | Նորություններ | 9949
Տավուշի մարզի սահմանապահ Կոթիում տեխնոլոգիական արդի լուծումներով հերթական ծրագիրն է մեկնարկել: Մինչեւ տարեվերջ գյուղում կավելանա LED լուսարձակներով լուսավորված փողոցների թիվը:
Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համագործակցությամբ այս տարվա ծրագրով տեղադրվելու է 53 LED լուսարձակ, լուսավորվելու է շուրջ 2 կմ երկարությամբ ճանապարհահատված, այդ թվում՝ դեպի գյուղի մարզադաշտ տանող փողոցը:
«Կոթիում գործող լուսավորության արդի համակարգի արդյունավետությունն իրեն կարդարացնի ոչ միայն միջոցների տնտեսման, այլեւ լույսի որակի առումով: Քառամյա ծրագրի արդյունքում, տարեվերջին գյուղում լուսավորված ճանապարհահատվածը կհասնի 5600 մետրի»,- ասված է հաղորդագրությունում:
Ընկերությունից հայտնել են նաեւ, որ Կոթիում արդեն գործարկվել է 17,5 կՎտժ դրվածքային հզորությամբ, արեւային ֆոտովոլտային նոր կայանը, որի արտադրած էներգիան թույլ կտա առանց հավելյալ ծախսի ապահովել խմելու ջրի պոմպի աշխատանքը:
«Նոր ֆոտովոլտային կայանը կապահովի տարածքին մոտ գտնվող 2 կմ փողոցի լուսավորության համակարգի սպառած էլեկտրաէներգիան։
Որպես տեղեկատվական ու հեռահաղորդակցային ընկերություն, Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է համայնքներին՝ տեխնոլոգիական ու ծախսարդյունավետ ենթակառուցվածքային լուծումներ ներդնելով, բնապահպանական, էներգախնայող ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառելով, ինչը թույլ է տալիս սպառել 80%-ով պակաս էլեկտրաէներգիա՝ ապահովելով ավելի բարձր լուսատվություն»,- նշված է հաղորդագրությունում:
2019 թվականին, նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, լուսավորվել է 1600 մ, 2020-ին՝ 1450 մ, իսկ 2021-ին՝ 550 մ ճանապարհահատված: Մինչ օրս լուսավորվել է 2600 մ ճանապարհահատված, տեղադրվել՝ 94 LED լուսարձակ:
2022 թվականին Հայաստանի տարբեր համայնքներում ենթակառուցվածքների զարգացման համար Վիվա-ՄՏՍ-ը ներդրել է ավելի քան 120 մլն. դրամ: