13:05 | 19.10.22 | Նորություններ | 9158

Հայտնի են DigiTec 2022-ի անցկացման նոր օրերը

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) հայտնում է, որ օրերս հետաձգված DigiTec 2022 ցուցահանդեսն ու վեհաժողովը տեղի կունենան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 2023 թվականի մարտի 10-ից 12-ը։

«Հետաձգումը չի ենթադրում հաջորդ տարվա միջոցառման չեղարկում։ Մենք պլանավորել եւ նախատեսում ենք գալիք տարվա աշնանը բնականոն կերպով իրականացնել նաեւ DigiTec 2023 միջոցառումը։ Մեր ցանկությունն է Հայաստանում ԲՏ ոլորտի ընկերությունների եւ աշխատակիցների առավելագույն մասնակցությունը երկրի համար կարեւոր նշանակություն ունեցող գործընթացներում, ինչպես նաեւ կազմակերպությունների կայունությունը եւ զարգացումը, որպեսզի մեր առջեւ դրված մարտահրավերները կարողանանք հաղթահարել», - նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։  

Կազմակերպիչները հայտնում են, որ մարտին DigiTec Summit 2022-ը կանցկացվի «Ինչպե՞ս են տեխնոլոգիաները նպաստում ժողովրդավարության դիմակայունությանն անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակում»/ “What role does tech play in helping democracies become more resilient in an increasingly unstable world?” խորագրով:

«DigiTec 2022-ը կհետազոտի առողջ թեք ոլորտի, աճի եւ ժողովրդավարական զարգացման անվտանգ հարթակների միջեւ փոխկապվածությունը։ Թեման տեսակետների բազմազանությամբ կներկայացնեն խոսնակներ Հայաստանից, Էստոնիայից, Իսրայելից, Լիտվայից, Սինգապուրից, Թայվանից եւ այլ երկրներից», - նշել է վեհաժողովի նախագահ Րաֆֆի Քասարջյանը։

DigiTec Expo ամենամյա ցուցահանդեսն ԱՏՁՄ կողմից կազմակերպվում է 2005 թվականից ի վեր: Յուրաքանչյուր տարի ցուցադրվում են Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումներն ու զարգացման ներուժը: DigiTec 2022 ցուցահանդեսում այս տարի ներգրավված է 125 տեղական եւ արտասահմանյան ընկերություն։ 2021 թվականից ի վեր ցուցահանդեսին զուգահեռ տեղի է ունենում DigiTec Summit, որը Երեւանում է համախմբում բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջնորդներին։

Կազմակերպիչն է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։ Հովանավորներն են Fastex, Sada, Team Telecom Armenia, AMD, Giz EU4Business, Sensyan LLC, գործընկերները՝ VEXPO, HackTech, P-Art, InfoCom, Lratvakan radio 106.5, RTVI։