15:18 | 16.09.22 | Հոդվածներ | exclusive 13410

Հայկական Revytech-ը կհամագործակցի SAP եւ SAP Fioneer ընկերությունների հետ

Հայկական Revytech ստարտափը կհամագործակցի ձեռնարկությունների կիրառական ծրագրերի աշխարհում խոշորագույն մատակարար SAP-ի եւ SAP Fioneer ընկերությունների հետ։

Revytech-ը մատուցում է ծառայություններ մի շարք ուղղություններով՝ ծրագրային ապահովման մշակում, ցանկացած բարդության ենթակառուցվածքների ստեղծում ու սպասարկում, տվյալների կենտրոնների ստեղծում եւ կառավարում, կառուցվածքային եւ օպտիկական ցանցերի նախագծում եւ իրականացում, կորպորատիվ էլեկտրական սնուցման ցանցի նախագծում եւ մոնտաժ։

Revytech-ը հանդիսանում է աշխարհի առաջատար սերվերային լուծումներ արտադրող Hewlett Packard Enterprise-ի բիզնես գործընկերը Հայաստանում՝ առաջարկելով հիբրիդ ամպային (Hybrid Cloud Solution Provider) եւ Aruba լուծումներ (Aruba Solution Provider):

Revytech-ը միջազգային առաջատար UiPath ընկերության միակ պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, մատուցում է նաեւ ռոբոտացման միջոցով գործընթացների ավտոմատացման (RPA - Robotic Process Automation) ծառայություն:

Ընկերությունն առաջարկում է արհեստական բանականության (AI) եւ մեքենայական ուսուցման (ML) պրոդուկտների մշակում ու ծառայությունների մատուցում, ինչպես նաեւ կիբեր (Cyber security) եւ տեղեկատվական անվտանգության (Information Security) ապահովում։

Revytech ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Սիմոնյանն ասել է, որ իրենց ընկերության համար սա պատմական պահ է, իսկ այս համագործակցությունն իր բնույթով՝ բացառիկ։

Տիգրան Սիմոնյանը Տիգրան Սիմոնյանը
photo © Մեդիամաքս


«Մենք գործում ենք շուրջ մեկ տարի ու մեր ամենամեծ ձեռքբերումը մեր գործընկերներն են։

Թվային տեխնոլոգիաների ներդնումը տնտեսության մեջ այսօր այլընտրանք չունի։ Այս ճանապարհին մենք մենակ չենք, ունենք շատ հզոր գործընկերներ՝ ի դեմս SAP-ի եւ SAP Fioneer-ի, որոնք աշխարհում առաջատար տեխնոլոգիական ընկերություններ են։

Հայաստանի տնտեսությունում կներդնենք առաջատար տեխնոլոգիաներ, որոնք հիմնված են in memory computing-ի, տվյալների վերլուծության, RPA-ի, արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման վրա։ Աշխարհի 180 երկրում ներկայություն ունեցող մեր գործընկերների միջոցով մենք հնարավորություն ենք ստանում մեր մշակումները եւ պրոդուկտներն արտահանել աշխարհի տարբեր շուկաներ»,-նշել է Revytech ընկերության գլխավոր տնօրենը։

SAP CEE Multicountry կլաստերի գործադիր տնօրեն Ալեքսանդր Մետեչկոյի խոսքով՝ ներկայում Հայաստանի շուկան բավականին հեռանկարային է։ Այն բաց է ու պատրաստ ինովացիաների ու զարգացման։ Թվային փոխակերպումները կարեւոր են, որպեսզի ընկերություններն արագ զարգանան ու մրցակցային լինեն ինչպես ներքին, այնպես էլ միջազգային շուկայում։

Ալեսանդր Մետեչկոն Ալեսանդր Մետեչկոն
photo © Մեդիամաքս


«SAP-ի համար ցանկացած համագործակցություն ծայրահեղ կարեւոր է, որպեսզի օգնենք մեր գործընկերներին ու հաճախորդներին դառնալ ավելի լավը։ Վստահ եմ, որ Revytech-ի պրոֆեսիոնալիզմի ու փորձի շնորհիվ կարող ենք օգնել շատ ընկերությունների Հայաստանում դառնալ ավելի օգտակար թվային տնտեսության զարգացման գործում։

Այս համագործակցության շնորհիվ, մենք կարող ենք օգնել ոչ միայն Հայաստանում գործող ընկերություններին, այլ, առհասարակ, զարգացնել Հայաստանի տնտեսությունը։ Ավելի քան 10 տարի մենք համագործակցում ենք հայաստանյան տարբեր ընկերությունների հետ, Revytech-ի հետ կարող ենք ավելի նպաստել Հայաստանում թվային փոխակերպմանը»,-ասել է Ալեքսանդր Մետեչկոն։

Revytech-ի հրավերով SAP Fioneer ընկերությունների ներկայացուցիչները հնգօրյա այցով Հայաստանում են՝ համագործակցության մեկնարկի, Հայաստանի թվային տրանսֆորմացիայի օրակարգին ծանոթանալու եւ ընթացիկ նախագծերի շրջանակում գործնական հանդիպումների մասնակցելու նպատակով։

SAP Fioneer-ը հնարավորություն է տալիս բանկերին եւ ապահովագրական ընկերություններին փոխակերպել, զարգացնել եւ տարբերակել իրենց բիզնեսը՝ միաժամանակ բավարարելով արագության, մասշտաբայնության եւ ծախսարդյունավետության իրենց կարիքները թվային բիզնեսի, ամպային տեխնոլոգիաների, բանկային եւ ապահովագրական գործընթացների ավարտուն լուծումների միջոցով: Այն ունի գրասենյակներ եւ գործառնություններ ամբողջ աշխարհում եւ հզոր ներկայություն Եվրոպայում, Հյուսիսային եւ Լատինական Ամերիկայում ու Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

SAP Fioneer-ի գլխավոր գործադիր տնօրեն Դիրկ Կրուսն ընդգծել է, որ աշխարհում բանկային ընկերություններն ինտեգրում են ամպային տեխնոլոգիաներ, դրա հետ մեկտեղ ի հայտ են գալիս նոր ֆինտեխ լուծումներ. իրենց առաքելությունն է այդ լուծումներն ավելի հեշտ ու արագ ինտեգրել ընկերություններում։

Դիրկ Կրուսը Դիրկ Կրուսը
photo © Մեդիամաքս


«Սա մեզ համար մեծ հնարավորություն է, քանի որ մենք օգտագործելու ենք Revytech ընկերության փորձը Հայաստանում՝ համակցելով այն SAP-ի եւ SAP Fioneer ընկերությունների առաջատար տեխնոլոգիական փորձի հետ։ Ներկայիս փոփոխվող աշխարհում միայն ուժեղ համագործակցության շնորհիվ է հնարավոր տրամադրել բանկային եւ ձեռնարկատիրական ծրագրային ապահովման արտադրության բարձր որակներ»,- նշել է Դիրկ Կրուսը։

Հայաստան այցի շրջանակում SAP, SAP Fioneer ընկերությունների ղեկավարներն ու ներկայացուցիչներն այցելել են ԹՈՒՄՈ կենտրոն, հանդիպումներ են ունեցել ՀՀ Կենտրոնական բանկի, ԲՏԱ նախարարության եւ մի շարք այլ նախարարությունների ու պետական  կառավարման մարմինների հետ։ Այցի ընթացքում Հայաստանի բանկերին եւ ֆինանսական կառույցներին է ներկայացվել նաեւ SAP Fioneer, SAP եւ REVYTECH ընկերությունների կողմից մշակված ամպային նորարարական հարթակը` CLaaS platform-ը (Corporate landscape as a service նոր բիզնես մոդել), վերջինիս առավելություններն ու հնարավորությունները:

photo © Մեդիամաքս


 SAP ընկերությունը ձեռնարկությունների կիրառական ծրագրերի խոշորագույն մատակարարն է աշխարհում: Այն հիմնադրվել է 1972 թվականին Գերմանիայում եւ դարձել բիզնես գործընթացների կառավարման ծրագրային լուծումների աշխարհի առաջատար արտադրողներից մեկը, որը մշակում է ձեռնարկատիրական ծրագրեր՝ բիզնես գործառնությունները եւ հաճախորդների հետ հարաբերությունները կառավարելու համար։ Ընկերությունը լուծումներ է առաջարկում բիզնեսի 25 ոլորտի եւ 12 ուղղության։ SAP ընկերության հաճախորդ է հանդիսանում աշխարհի 100 խոշորագույն կազմակերպությունից 99-ը: Կազմակերպությունն աշխատատեղերով է ապահովում ավելի քան 180 երկրում ավելի քան 110.000 աշխատակցի:

REVYTECH բրենդի ներքո հանդես եկող «ԱԿԲԱ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ ՓԲԸ»-ն հիմնադրվել է «ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ ՓԲԸ» եւ «ՌԵՎՈԼՈՒՇՆԱՐԻ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ ՓԲ» ընկերությունների կողմից:  

Նունե Գրիգորյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի