08:12 | 10.09.22 | Հոդվածներ | exclusive 4098

«Մետատիեզերքի խոշորացույց» ARLOOPA-ն գործակցում է HONOR-ի եւ Deutsche Telekom-ի հետ

Եվրոպական խոշոր IFA Berlin ցուցահանդեսի ժամանակ խելացի սարքերի արտադրող HONOR բրենդը ի թիվս նոր սարքերի ներկայացրեց նաեւ հայկական ARLOOPA-ի հետ համագործակցությամբ ստեղծված AR նախագիծ։
 
ARLOOPA-ն ստեղծագործողներ Յունուեն եւ Տիմո Հելգերտի հետ նոր շունչ են հաղորդել 2015-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր ընտրված Համբուրգի Շպայխերշտադտ (գերմ.՝ Speicherstadt) աշխարհի ամենամեծ պահեստային թաղամասի հին շենքերին։
 
The Gateway to the Future անունը ստացած AR նախագծի նպատակն է հարստացնել մշակութային ժառանգությունը տեխնոլոգիայի ուժով: Այն բաղկացած է երկու AR փորձառություններից, որոնք կենտրոնացած են Wasserschloss-ի շենքի շուրջ:
 
ARLOOPA-ի համահիմնադիր Արման Աթոյանը iTel.am-ին պատմել է Դոյչե Տելեկոմից ստացված Գերմանիա այցելելու հրավերի, HONOR-ի հետ համագործակցության ու ARLOOPA-ի նոր, հավակնոտ մետատիեզերական ծրագրերի մասին։
 
«Համբուրգում թեստավորեցինք HONOR-ի հետ մշակած AR փորձառությունը:  

Համաժողովի առաջին օրվա ամենակարեւոր պրեզենտացիայի ընթացքում ներկայացվեց մեր նախագիծը, որը հենց ARLOOPA-ի հավելվածում է ներկառուցվել։ Տեսնելով մեր հավելվածի որակը եւ ներբեռնումների քանակը`մեր գործընկերները նախընտրեցին այն հենց ARLOOPA-ում ներդնել, այլ ոչ թե առանձին հավելվածում։



Կարելի է ասել HONOR-ի տաղավարը «առլուպայաշատ էր»։ Հիմա էլ սոցիալական մեդիաներում տարբեր հրապարակումներ են անում, որ մարդիկ մեր հավելվածը ներբեռնեն ու գնան նայեն այդ շենքը։ Բացի տեղում նայելու տարբերակից, հավելվածում ունենք տարբերակ, որը թույլ է տալիս հենց մեր միջավայրում այդ փորձառությունը տեսնել:


Իհարկե, նույն էֆեկտը չունի, բայց եռաչափ մոդելի միջոցով ստացել ենք նույն անիմացիաները»,- նշում է Արմանը։

photo © ARLOOPA


Գերմանիա այցը եւս մեկ նպատակ ուներ։
 
«Մենք հրավիրված էինք Դոյչե Տելեկոմի կողմից, որն իրականացնում է 5G-ի նախնական հասանելիության ծրագիր։ Ծրագրավորողների համար մշակել են 5G-ի հատուկ API-ներ, ինչի միջոցով ծրագրավորողները կարող են ուղիղ հասանելիություն ստանալ մոբայլ ցանցին։ Տարբեր բնագավառներից 5 ընկերություններ էին ընտրել՝ առանց վարորդի մեքենաների կառավարմամբ, AR & VR տեխնոլոգիաներով զբաղվող: Մեզ մետատիեզերքի մշակման ուղղությամբ էին հրավիրել, որպեսզի մեր պրոդուկտները թեստավորենք այդ API-ների կիրառման պայմաններում:

Արագ թողունակությամբ ցանցում մեր փորձառությունը շատ է փոխվում՝ եթե սովորաբար «ծանր» բովանդակությունը բացվում է 30 վայրկյանում, ապա 5G-ի միջոցով դա տեւում է մի քանի վայրկյան։ Օրինակ՝ 2 վայրկյանում մոտ 500 մեգաբայթ բովանդակություն կարող է ներբեռնվել։ Սա շատ ավելի հետաքրքիր է եւ լայն հնարավորություններ է տալիս»,- պատմում է Արմանը։

photo © ARLOOPA


Դոյչե Տելեկոմի հետ այս ուղղությամբ համագործակցելու նոր եզրեր են փորձում գտնել։ Հետաքրքիր արձագանքներ են տվել ու նոր մտքեր առաջարկել 5G տեխնոլոգիայի զարգացման շուրջ մշակումների վերաբերյալ։ Ընկերության մետատիեզերական հավակնությունները մեծ են։
 
«Այս պահին մետատիեզերքի հետ կապած մի քանի հետաքրքիր ուղղություններ ունենք։ Մեր կարգախոսը փոխվել է. ասում ենք ARLOOPA-ն՝ մետատիեզերքի խոշորացույց։ Թվային ու ֆիզիկական աշխարհների սահմանները գնալով հատվում են ու երկու աշխարհները միանում են։ Ֆիզիկական աշխարհում շատ թվային բովանդակություն կարող է լինել, բայց մենք չտեսնենք դա։ Մեր նպատակն է, որ ARLOOPA-ն դառնա գործիք, որով ֆիզիկական միջավայրում, օրինակ՝ թանգարանում, դպրոցում կամ գիրք կարդալիս, տեսնենք թվայինը։ Մարդկանց չենք կտրում այս իրականությունից»,- ավելացնում է նա։
 
Բացի ընթացիկ մշակումներից ու նախագծերից, ARLOOPA-ում նոր գործառույթներ նույնպես սպասվում են։ Օրեր առաջ, STARMUS փառատոնի հետ համագործակցությամբ թողարկել են AR սաղավարտ:  


 
«Մեր գործիքակազմը ավելի ստեղծագործ ու ֆունկցիոնալ դիմակներ մշակելու հնարավորություն է տալիս։ Սա նոր ուղղություն է։ Առաջինը STARMUS-ի տիեզերագնացի սաղավարտի տեսքով է, որն արդեն հասանելի է։
 


Մի քանի ամիս առաջ ներկայացրինք ավատարների ֆունկցիան։ Հաջորդ կարեւոր ֆունկցիոնալությունը, որը կթողարկենք հենց մեր հավելվածում, միջավայրերն են, որտեղ օգտատերերն իրենց ավատարներով կարող են հայտնվել ամբողջությամբ վիրտուալ աշխարհում։ Այստեղ նույնպես հնարավոր է կիրառել AR փորձառություն, ինչի շնորհիվ թվային աշխարհի առարկաները հնարավոր կլինի բերել ֆիզիկական աշխարհ ու տեսնել դրանք լրացված իրականությամբ։ Սա էլ հավելյալ արժեք է հանդիսանում»,- նշում է Արմանը։
 
Նունե Գրիգորյան