17:11 | 09.08.22 | Հոդվածներ | exclusive 3011

Berkeley SkyDeck-ում ստարտափների ճանապարհը նման է նեղ թունելից դուրս գալուն. Կարեն Գյուլբուդաղյան

Օգոստոսի 1-ին Berkeley SkyDeck աքսելերատորում մեկնարկել է ստարտափների 15-րդ ընդունելությունը: Վերջին 5 տարվա ընթացքում այս ծրագրում ընդգրկվել է հայկական շուրջ 20 ստարտափ, որոնց գրանցած հաջողությունները մեծապես նպաստում են Հայաստանում տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը:

Berkeley SkyDeck-ում հայկական ստարտափների անցած ճանապարհի, ծրագրում ընդգրկվելու հնարավորության ու ընձեռած առավելությունների մասին iTel.am-ը զրուցել է Berkeley SkyDeck-ի առաջին համաշխարհային դեսպան, «Strategic Value Ventures» ընկերության հիմնադիր Կարեն Գյուլբուդաղյանի հետ:

Հայկական ընկերությունների ներկայացվածությունը

Վերջին 5 տարվա ընթացքում հայ հիմնադիրներ ունեցող մոտ 20 թիմ է անցել Berkeley SkyDeck-ի աքսելերացիան՝ Krisp, SuperAnnotate, AppearMe, Netris, Grovf, նաեւ ավելի մեծ կազմակերպություններ, ինչպիսիք են Ucraft-ը, Hoory-ն: Կարեւոր է այս ընկերությունների ոլորտային բազմազանությունը՝ արհեստական բանականություն (AI), համակարգչային տեսլական (Computer vision), իրավաբանական տեխնոլոգիաներ (LegalTech): Վերջին երկու տարում այս ծրագրում կարողացա ընդգրկել նաեւ տարածաշրջանի կենսատեխնոլոգիական ընկերություններին: Այսօր աքսելերացիոն ծրագրում ունենք հայկական հիմնադիրներով 4 կենսատեխնոլոգիական ընկերություն, որոնցից մեկը՝ Denovo Sciences-ը, հենց Հայաստանից է:



Ի՞նչ է սա տալիս Հայաստանին

Փորձենք հասկանալ՝ ինչ է տալիս Հայաստանին հայկական թիմերի նման ներգրավվածությունը Berkeley SkyDeck-ում: Տարիներ առաջ, երբ նոր էի սկսում աշխատանքս հայկական ստարտափներին ծրագրում ներգրավվելու ուղղությամբ, ինձ ասում էին, թե Հայաստանից վերցնելու եմ թիմերն ու դուրս տանեմ: Իհարկե, նման բան լինել չէր կարող: Նպատակը ստարտափների հիմնադիրների աշխարհայացքի զարգացումն է, նրանց հնարավորությունների ընդլայնումը:



Նրանք հնարավորություն են ստանում աշխատելու հարյուրավոր միջազգային փորձագետների հետ, ընդարձակելու իրենց ռեսուրսներն ու իրականացնելու միջազգային վաճառքներ՝ միեւնույն ժամանակ մեծանալով ու զարգանալով Հայաստանում:

Այն հայ հիմնադիրները, որոնց հետ աշխատել եմ մինչ այժմ, մշտապես ցանկություն են հայտնել ընտանիք կազմելու եւ ապրելու Հայաստանում: Դրսում ապրող հայ հիմնադիրներն էլ հիմնականում Հայաստանում ներկայացուցչություններ են ստեղծում, ներգրավում հենց հայ մասնագետների՝ միեւնույն ժամանակ հնարավորություններ ստեղծելով այստեղի ուսանողների, սկսնակ մասնագետների համար ձեռք բերելու միջազգային մակարդակի փորձ:

Վերջին տարիներին վերոնշյալ ընկերությունները ստեղծել են 800-ից ավելի բարձրորակ ու բարձր աշխատավարձով աշխատատեղ, եւ սա ամենեւին էլ վերջին տվյալը չէ: Այս գործընթացն ունի մուլտիպլիկատիվ ազդեցություն, որովհետեւ այս ընկերությունների աշխատակիցներն իրենց փորձն ու գիտելիքը հետագայում տանում են այլ ընկերություններ՝ տարածելով նոր որակի աշխատանքային մշակույթ: Երբ նրանք նոր ստարտափ են հիմնում, արդեն իսկ պատրաստված են ու ծանոթ միջազգային շուկայի մտածելակերպին:



Էլի ենք ուզում հայկական ստարտափներ

Berkeley SkyDeck-ի ֆոնդը ներդրում է կատարում աշխարհի ավելի քան 50 երկիր ներկայացնող ստարտափներում, որոնց շարքի թոփ 3-ից երկուսը հայկական է: 50 երկրից ամենամեծ ներկայացվածությունը Հայաստանն ունի, ինչը նշանակում է, որ այստեղ առկա է աշխարհում նախադեպը չունեցող կրիտիկական զանգված Բերքլիի համալսարանի փորձի, գիտելիքների ու մշակույթի ներկայացվածության տեսանկյունից: Այս կերպ նոր հնարավորություններ ենք ստեղծում Հայաստանի տեխնոլոգիական ներուժի բացահայտման համար:

Վերջին 5 տարվա ընթացքում այս կազմակերպություններն այնպիսի ազդեցության են հասել Հայաստանում, որ նախկինում դժվար էր անգամ ենթադրել: Նրանք ներգրավել են 50 մլն ԱՄՆ դոլարից ավելի ներդրում, եւ այստեղ կարեւոր է ոչ միայն թիվը, այլեւ այն, որ այդ ներդրումներն արվել են աշխարհի առաջատար վենչուրային հիմնադրամների կողմից:

Միջազգային վենչուրային հիմնադրամները, տեսնելով հայկական ստարտափների նման հաջողությունը, ցանկանում են նոր ներդրումներ կատարել հայկական ընկերություններում ու ինձ ասում են՝ «մեզ էլի հայկական ստարտափներ բերեք»:

Նոր ընդունելություն. ի՞նչն է կարեւոր

Օգոստոսի 1-ին մեկնարկել է Berkeley SkyDeck աքսելերատորին միանալու 15-րդ ընդունելությունը, որին դիմելու վերջնաժամկետն օգոստոսի 31-ն է: Հույս ունեմ, որ մեծ քանակով հայտեր կստանանք ինչպես հայկական, այնպես էլ՝ Հայաստանում գտնվող օտարերկրյա ստարտափներից:

Դիմելու համար կա երկու հնարավորություն: Առաջինը, այսպես կոչված, Cohort տարբերակն է, որի համար պետք է հայտ լրացնել հետեւյալ հղումով: Դիմելու համար միայն գաղափար ունենալը բավարար չէ: Թիմը պետք է որոշակի աշխատանք տարած լինի պոտենցիալ հաճախորդների հետ, պատկերացում ունենա պրոդուկտի զարգացման մասին, հստակ իմանա իր պրոդուկտի առանձնահատկությունները: Կարեւոր է նաեւ անգլերենի լավ իմացությունն ու Սիլիկոնյան հովտի մշակույթին ծանոթ լինելը: Լայն աշխարհայացքը կամ դրա բացակայությունը հսկայական ազդեցություն ունեն պրոդուկտի վրա:



Լինելով ընտրող հանձնաժողովի անդամ՝ ինքս առաջին հերթին մեծ ուշադրություն եմ դարձնում հիմնադիրներին. ինչո՞ւ են որոշել զբաղվել դրանով, ի՞նչն է հետաքրքրել, ինչպիսի՞ երկարաժամկետ ծրագրեր ունեն: Միանշանակ է, որ նրանք պետք է ունենան ոչ միայն տեղական, տարածաշրջանային, այլեւ միջազգային մակարդակի նկրտումներ: Պարտադիր է միջազգային շուկա դուրս գալու մեծ ցանկությունը:

Հազարավոր հայտեր են ստացվում աշխարհի տարբեր երկրներից, դիմորդ թիմերը կընտրվեն բարձր մրցակցության պայմաններում, ծրագրում կընդգրկվի միայն 20-ը: Ստարտափներից յուրաքանչյուրում Berkeley SkyDeck-ի ֆոնդը ներդնում է 200 000 ԱՄՆ դոլար՝ 7,5 % շահաբաժնի դիմաց:

Հնարավորություն հասուն ընկերությունների համար

Berkeley SkyDeck-ի աքսելերացիան կարող են անցնել նաեւ հասուն կազմակերպությունները՝ «Global Innovation Partner» ծրագրի միջոցով, որը տարածվում է բացառապես Հայաստանում գործող կազմակերպությունների վրա: Սա իմ մեկնարկած ծրագիրն է, որը հնարավորություն է տալիս միջազգային շուկա դուրս գալու խնդիր ունեցող ընկերություններին օգտվելու նույն աքսելերատորի հնարավորություններից: Այս պարագայում շահաբաժնի փոխարեն նրանք որոշակի ներդրում են կատարում ծրագրում: Սա ավելի մեծ ճկունություն է տալիս, իսկ ներդրումը հնարավոր է վերադարձնել առաջին 6 ամսվա ընթացքում՝ անգամ բազմակի չափով:

Հայաստանում միջազգային մակարդակի թոփ կառավարիչներ ունենալը կրիտիկական խնդիր է, եւ այն չես կարող լուծել ինչ-որ դասախոսություններով կամ թրեյնինգներով: Պետք է լրացնել փորձի պակասը, որի համար էլ ստեղծել եմ այս ծրագիրը: Այն հնարավոր է դարձել Բերքլիի համալսարանի գործընկերների միջոցով, որոնցից առաջինն իմ ընկերությունն է՝ «Strategic Value Ventures»-ը՝ որպես ծրագրի հիմնադիր, մյուսներն առաջատար տեխնոլոգիական երկրների կառավարություններն են՝ Ճապոնիա, Հարավային Կորեա, Իտալիա, Ֆրանսիա, Թայվան:



Այս ձեւաչափով ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է դիմել «Strategic Value Ventures»-ին հետեւյալ էլեկտրոնային հասցեով՝ contact@strategicvalue.xyz: Կազմակերպության ներկայացուցիչների հետ սկզբում հարցազրույց կանցկացնեմ ես, իսկ վերջնական ընտրությունը կկատարվի «Berkeley SkeDeck»-ի միջոցով:

Նախապատրաստվելը կարեւոր է

Առաջիկայում կանցկացնեմ մի քանի տեղեկատվական հանդիպում, որոնց ընթացքում ավելի մանրամասն կներկայացնեմ ծրագիրը: Դրանցից առաջինը կլինի միջազգային մակարդակով՝ օգոստոսի 10-ին: Գրանցվել կարելի է հետեւյալ հղումով: Մոտակա 2-3 շաբաթվա ընթացքում կանցկացնեմ տեղեկատվական հանդիպումներ միայն Հայաստանում գտնվող ստարտափների ու ընկերությունների համար:

Խրախուսում եմ նաեւ, որ ստարտափների հիմնադիրները կապվեն ինձ հետ իմ անձնական էջի միջոցով: Նախապես իրենց ստարտափի հայեցակարգը ներկայացնելուց հետո կարող ենք սուրճի շուրջ հանդիպում ունենալ մեր նորաբաց վենչուրային սրճարանում՝ Ground Zero-ում: Կարեւոր է ընդգծել, որ եթե այս ծրագրով անցել է հայկական 20 թիմ, դա ամենեւին չի նշանակում, թե գործընթացը հեշտ է: Մենք պարզապես նախապատրաստական աշխատանք ենք կատարել միասին: Ինձ հետ հանդիպելուց հետո ստարտափները կարող են դիմել նաեւ իմ հատուկ հղումով, որի միջոցով հայտում կերեւա՝ իրենք իմ կողմից են ուղարկված, ուստի ավելի մեծ ուշադրության կարժանանան ընտրող հանձնաժողովի կողմից:



Համեստության տեղը չէ

Պետք է հասկանալ, որ ինչքան սկսնակ է կազմակերպությունը, ստարտափը, այնքան ավելի մեծ շեշտադրում է պետք կատարել թիմի վրա: Այս մոտեցման բացակայությունն այն հիմնական խնդիրներից մեկն է, որին բախվում են հայկական ստարտափները Սիլիկոնյան հովտում ներկայանալիս: Մարդիկ, որոնք ձեզ լսելու են, ցանկանալու են հասկանալ՝ ո՞վ եք, ինչո՞ւ եք դա անում, ինչո՞վ եք տարբերվում, ինչո՞վ է ձեր լուծումն ավելի հետաքրքիր միջազգային մակարդակով, ի՞նչ ճանապարհ եք անցել, որը ձեզ բերել է այդ կետին: Պետք չէ վախենալ ձեր մասին խոսելուց, դա ամոթ չէ: Հայաստանում դեռեւս կա այդ խնդիրը. փորձում ենք համեստ լինել, սակայն դա խանգարում է այս ոլորտում: Եթե ինքներդ չպատմեք՝ ով եք, ոչ ոք այդպես էլ չի իմանա, մինչդեռ պետք է կարողանաք 20 րոպեում տարբերվող տպավորություն թողնել:

Վերջին 5 տարվա ընթացքում տասնյակ հազարավոր հայտերի եմ ծանոթացել, ամեն տարի մոտ 1000 ժամ ներդնում եմ այս գործընթացում՝ անցկացնելով 600-700 խորը հարցազրույց: Այս փորձը թույլ է տալիս ասել, որ մենք առավելություններ ունենք տարածաշրջանի երկրների համեմատ լեզվի իմացության առումով, մեր թիմերը բավականին հմուտ անգլերենով են խոսում, սակայն պակասում է բիզնես մշակույթը: Եթե ունես գաղափար, նախ եւ առաջ, պետք է այն թեստավորես պոտենցիալ հաճախորդների շրջանում ու գտնես այնպիսիններին, որոնք կասեն՝ «ես պատրաստ եմ վճարել քո պրոդուկտի համար, որովհետեւ այն լուծում է իմ խնդիրները»: Մեզ մոտ այս մշակույթը դեռեւս չի ձեւավորվել, մինչդեռ այն առաջնային է, քանի որ օգնում է ճիշտ օգտագործել ռեսուրսներն ու ժամանակը:

Գունեղ հորիզոնը՝ թունելի վերջում

Berkeley SkyDeck-ում ընկերությունների ճանապարհը նմանեցնում եմ նեղ թունելով անցնելուն: Ծրագրի 6-7 ամսվա սկզբնական փուլում դուք փոքր ու նեղ միջավայրից թաթախվում եք բոլորովին այլ էկոհամակարգի մեջ, որտեղ ստանում եք հնարավորություն լայնացնելու աշխարհայացքը, հանդիպումներ եք ունենում հարյուրավոր համաշխարհային մակարդակի առաջատար մասնագետների հետ, որոնք իրենց 20-25 տարվա աշխատանքային փորձի ընթացքում եղել են տարբեր դերերում՝ ստարտափի հիմնադիր, կազմակերպության ղեկավար, ռազմավարություն մշակող: Մասնակցում եք 50-60 պրակտիկ աշխատաժողովի՝ ստանալով կիրառելի գործիքակազմ:



Առաջին երկու ամսվա ընթացքում դուք լայնացնում եք ձեր աշխարհայացքն ու հմտությունները, 3-4-րդ ամիսներին սկսում եք աշխատել աճի վրա, իսկ 5-6-րդ ամիսներին՝ ծանոթանում տարբեր ներդրողների հետ: Ծրագրի ավարտին ստանում եք Demo Day-ի հնարավորություն՝ ձեր պրոդուկտը ներկայացնելով 900-1000 ներդրողի:  

Այսպիսով, դուք սկսում եք գործընթացը նեղ ու մութ թունելի մեջ, իսկ ճանապարհի վերջում դուրս գալիս սարի լանջ, որտեղից տեսնում եք՝ ինչքան լայն ու գունեղ է հորիզոնը, ինչպիսի փոխկապակցվածության մեջ են աշխատում տարբեր գործընթացները: Այս ճանապարհով անցնելուց հետո փոխակերպվում են բոլոր ստարտափները:

Նոր տեխնոզարգացումներ Հայաստանում

Դեռեւս 2017 թվականին, երբ սկսեցի Berkeley SkyDeck-ի հետ իմ համագործակցությունը, արդեն իսկ ունեի մշակված ռազմավարություն առաջիկա մի քանի տարվա համար: Այս ընթացքում մի քանի փուլով ենք անցել: Առաջինն օգնելն էր «SkyDeck»-ին դառնալ այն, ինչ այսօր կա՝ առաջատար միջազգային աքսելերատոր:

Երկրորդ փուլը հայկական ստարտափների համար դեպի Սիլիկոնյան հովիտ ճանապարհ հարթելն էր, երրորդը՝ ավելի հասուն կազմակերպությունների համար նույն հնարավորությունների ստեղծումը: Այս հաջորդական քայլերի շնորհիվ այսօր Հայաստանում ձեւավորվել է Berkeley SkyDeck-ի մշակույթը կրող այնպիսի կրիտիկական զանգված, որը չկա աշխարհի ոչ մի այլ երկրում: Սրա շնորհիվ այժմ բավականին լուրջ խոսակցություններ են ընթանում թե´ Կալիֆոռնիայում, թե´ Հայաստանում, այստեղ մի այնպիսի համակարգ ստեղծելու շուրջ, որը չի սահմանափակվի միայն Berkeley SkyDeck-ի հայաստանյան ներկայացուցչությունը լինելով, այլ կտարբերվի համաշխարհային մակարդակով:

Ըստ հայեցակարգի՝ ստեղծվելու է տեխնոլոգիական էկոհամակարգում առկա ֆրագմենտավորված կետերը միավորող մի հաբ՝ ձեւավորելով արժեքի ստեղծման ամբողջական շղթա: Այստեղ կարող են ընդգրկվել ֆինանսական, իրավաբանական, պետական եւ այլ կառույցներ ու օգտվել ընձեռվող հնարավորություններից:

Այս համակարգը թույլ կտա, որ ստարտափն իր մեկնարկային կետից կարողանա լիարժեք պատկերացում կազմել հաջորդող քայլերի մասին՝ որտեղից ուր է գնալու, ինչ աջակցություն եւ ումից կարող է ստանալ: Նման ամբողջական համակարգի բացակայությունն է պատճառը, որ Հայաստանում շատ ընկերություններ մի բան սկսում են, բայց չեն ավարտում: Ստեղծվելիք հաբի համար Ground Zero-ն հիմնաքարային ու կարեւոր բաղադրիչ է, որը սկիզբ է դնում շատ ավելի մեծ ներուժի իրագործմանը, ուստի հետեւեք զարգացումներին:

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի