17:55 | 26.05.22 | Հոդվածներ | exclusive 9403

Denovo Sciences. դեղերի ստեղծման նոր մեթոդ եւ համաշխարհային հավակնություններ

Վերջերս Denovo Sciences հայկական ստարտափը հայտնեց հեղինակավոր Berkeley SkyDeck աքսելերատորով անցնելու մասին, որով բացի ֆինանսական նշանակալի ներդրումից՝ ստանալու է նաեւ խորհրդատվություն աշխարհի առաջատար մենտորներից եւ գիտնականներից:

Արդեն իսկ մեկնարկած աքսելերացիոն ծրագրի եւ ստարտափի առանձնահատկությունների մասին Itel.am-ը զրուցել է Denovo Sciences-ի համահիմնադիրներ Հովակիմ Զաքարյանի, Մհեր Մաթեւոսյանի եւ Վարդան Հարությունյանի հետ:

Նոր խոսք դեղագործությունում

Հովակիմ Զաքարյան, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող

Դեռեւս 2018 թվականին FAST հիմնադրամը ստեղծեց Հեռանկարային լուծումների կենտրոնը (Advanced Solutions Center), որը գիտահեն կազմակերպությունների ստեղծման եւ զարգացման բազմաֆունկցիոնալ հարթակ է: Հենց այս ծրագրի շրջանակում էլ 3,5 տարի առաջ ծնվեց Denovo Sciences-ի գաղափարը, որի վրա սկսեցինք աշխատել երեքս՝ ես, Մհերը եւ Վարդանը: 2020 թվականի վերջին Denovo-ն հիմնադրվեց որպես ընկերություն:

Ստարտափի հիմքում մեքենայական ուսուցման ալգորիթմների միջոցով նոր դեղանման միացությունների նախագծումն է տարբեր թիրախների նկատմամբ: Այս պահին աշխատում ենք երեք հիմնական թիրախների ուղղությամբ, որոնք երեքն էլ վիրուսային են: Փորձում ենք նախագծել կենսաբանական ակտիվ միացություններ հեպատիտ B-ի, հեպատիտ C-ի եւ գրիպի վիրուսի դեմ:

Հովակիմ Զաքարյանը Հովակիմ Զաքարյանը
photo © Մեդիամաքս


Մհեր Մաթեւոսյան, մաթեմատիկոս

Դեղագործական ոլորտում մեքենայական ուսուցման կիրառության տարբեր մոտեցումներ կան, որոնցից յուրաքանչյուրն էլ իր առավելություններն ու թերություններն ունի: Մեր մեթոդի պարագայում մեքենայական ուսուցման ալգորիթմները սովորում են ոչ թե շատ մեծ տվյալների հիման վրա, որով սովորաբար այլ ընկերություններ են առաջնորդվում, այլ քիմիական, կենսաբանական սիմուլյացիաների հիման վրա եւ ինքնուրույն գեներացնում մոլեկուլների նոր տարբերակներ: Այսինքն, ի տարբերություն մյուս մեթոդների՝ մենք կախված չենք լաբորատորիայում ստեղծված տվյալներից, որը մեզ առավելություն է տալիս այն թիրախների պարագայում, որոնք չունեն նման տվյալների մեծ բազաներ: Կարողանում ենք գնալ շատ նեղ թիրախների հետեւից, որոնց մինչ այս դեռ ոչ ոք չի հասել:

Այդուհանդերձ, մեր մեթոդը բավականին ճկուն է նախագծված, եւ մեզ համար օգտակար շատ մեծ տվյալների առկայության դեպքում դրանք եւս կարող ենք ինտեգրել:

Մհեր Մաթեւոսյանը Մհեր Մաթեւոսյանը
photo © Մեդիամաքս


Մեթոդի առաջին հաջողությունը

Վարդան Հարությունյան, մաթեմատիկոս

Ընկերության առաջխաղացումը սկսել ենք Key opinion leader-ների՝ կարծիքի առաջատարների հետ զրույցներից, իրենց պատմել ենք գաղափարն ու լսել քննադատությունները, որոնց հիման վրա էլ հղկել ենք մեր լուծումը: Այդ ընթացքում հիմնական արձագանքն այն էր, որ շատ լավ բան ենք մտածել, սակայն ուղղությունը դժվար է. եթե ստացվի՝ ընտիր է:  

Երկար տանջանքներից հետո կարծես հասանք այն փուլին, որ ցույց ենք տալիս՝ ստացվում է: 2021 թվականին մեր առաջին Proof of concept-ի (հայեցակարգի/ մեթոդի կիրառումը՝ դրա իրագործելիությունը ցույց տալու համար՝ հեղ.) ժամանակ վերցրինք մի իտալացի գիտնականի սինթեզած մոլեկուլ, որը հայտնի է հակաքաղցկեղային ազդեցությամբ, մեր ալգորիթմով այն ավելացրինք, հետո սինթեզեցինք եւ թեստավորեցինք Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում: Մեր ալգորիթմի լավագույն մոլեկուլը տասնյակ սինթեզվածներից 2.3 անգամ ավելի բարձր ակտիվություն ուներ, քան սկզբնական մոլեկուլը:

Վարդան Հարությունյանը Վարդան Հարությունյանը
photo © Մեդիամաքս


Արդիականություն եւ համագործակցություններ

Հովակիմ

Ընդհանուր առմամբ, դեղամիջոց ստեղծելը շատ երկարատեւ եւ ծախսատար գործընթաց է: Մեկ նոր դեղամիջոց ստեղծելու ծախսը կարող է հասնել 3 միլիարդ դոլարի: Ընդ որում, հին գործիքներով շատ դժվար է նոր բան ստեղծել, դրա համար էլ դեղագործությունն այսօր ակտիվորեն նոր գործիքներ է փնտրում, որոնցից մեկն էլ հենց մեքենայական ուսուցումն է:

Այսօր բոլոր խոշոր դեղագործական ընկերություններն ունեն թիմեր, որոնք օգտագործում են մեքենայական ուսուցման մեթոդները: Շատ ընկերություններ համագործակցում են նոր դեղեր ստեղծելու մեջ մասնագիտացած ստարտափների հետ, եւ այդ համագործակցությունների թիվը վերջին 4-5 տարվա ընթացքում անընդհատ աճում են: Դրան զուգահեռ աճում են նաեւ այս ոլորտում ներդրումները՝ ինչպես մասնավոր սեկտորից, այնպես էլ վենչուրային հիմնադրամներից:

Մեր ներկայիս թիրախներից երկուսի՝ հեպատիտ B-ի եւ C-ի դեմ կենսաբանական ակտիվ միացությունների նախագծման ուղղությամբ համագործակցում ենք Էմորիի համալսարանի պրոֆեսոր Ռայմոնդ Շինազիի եւ Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Թոմաս Հերմանի հետ։ Շինազին հայտնի է աշխարհում լայնորեն կիրառվող հակավիրուսային մի քանի դեղերի ստեղծմամբ:

photo © Մեդիամաքս


Փորձում ենք համագործակցել նաեւ ոլորտի արդյունաբերական տարբեր ընկերությունների հետ, որի համար այս պահին քննարկումներ են ընթանում: Ընդ որում, այդ համագործակցությունները լինելու են ոչ միայն մեր սեփական նախագծերն առաջ տանելու, այլեւ հենց նրանց ծրագրերը մեր տեխնոլոգիայի կիրառմամբ առաջ մղելու տրամաբանության մեջ, որովհետեւ մեր հարթակը թույլ է տալիս շատ ավելի արագ նախագծել մոլեկուլներ, քան ներկայում դեղագործական ոլորտում կիրառվող որեւէ այլ մեթոդ:

Աքսելերացիա եւ նոր հնարավորություններ

Վարդան

Ստարտափի առաջխաղացման համար ժամանակ առ ժամանակ հետեւում եմ, թե ինչ հնարավորություններ կան շուկայում ու փորձում դիմել: Berkeley SkyDeck-ի աքսելերացիոն ծրագրի մասին վաղուց գիտեի, բայց մի օր պատահական մտքովս անցավ ու վերջնաժամկետից ընդամենը մեկ շաբաթ առաջ դիմեցինք: Հետո պատասխան ստացանք, որ անցել ենք հաջորդ փուլ, որից հետո եւս մեկ փուլ եղավ ու հաջողեցինք:

Հովակիմ

Berkeley SkyDeck-ում աքսելերացիա անցնող բոլոր ստարտափները ստանում են $200 000-ի ուղիղ ֆինանսական ներդրում, խորհրդատվություններ, մենտորություն եւ այլն:

Այս ծրագրի շնորհիվ նաեւ բազմաթիվ ավագ մասնագետների հետ ծանոթանալու հնարավորություն կունենանք, ինչը էլ ավելի է կարեւորվում այն պարագայում, երբ Հայաստանում ավագ մասնագետների պակաս ունենք: Ծրագրին մասնակցությունը մեզ համար ելք կապահովի դեպի անհրաժեշտ մասնագետներ եւ կօգնի ճիշտ ձեւով ներկայանալ իրենց. մի բան է, երբ ինքդ ես նամակ գրում, եւ բոլորովին այլ է, երբ քեզ ներկայացնում են իրենց հետ համագործակցող ընկերության ներկայացուցիչները:

Մհեր

Ծրագիրը մեկնարկել է մայիսի 2-ից եւ տեւելու է 6 ամիս: Հիմա ամեն երեկո ժամը 8-ից մինչեւ գիշերը 4-ը առցանց վորքշոփների ենք մասնակցում, այդպես շատ «երջանիկ» են անցնում մեր օրերը (ծիծաղում է.՝ հեղ): Ոլորտի առաջատար մասնագետները ներկայացնում են, թե ինչպես ստարտափ կառուցել, ինչպես շփվել ներդրողների հետ եւ այլն: Նաեւ ավելի նեղ մասնագիտական քննարկումներ են լինում հենց մեր՝ կենսատեխնոլոգիական ուղղվածության համար:

photo © Մեդիամաքս


Վարդան

Ծրագրի ավարտին լինելու է մասնակից ստարտափների ներկայացում, որը լսում են ԱՄՆ-ի գրեթե բոլոր խոշոր վենչուրային կապիտալների ներկայացուցիչները: Սա բազմաթիվ նոր հնարավորություններ կբացի ընկերության համար:

Մհեր

Այժմ մեր երեք թիրախներում էլ ունենք նախագծված միացություններ եւ պետք է պատվիրենք դրանց սինթեզումն ու սկսենք փորձարարական թեստավորումը: Հուսով ենք, որ Berkeley SkyDeck-ի աքսելերացիայի ավարտին բոլոր երեք նախագծերի համար կունենանք լաբորատոր արդյունքներ:

Համամարդկային արժեք եւ բիզնես

Հովակիմ

Denovo Sciences-ով փորձում ենք համամարդկային արժեք ստեղծել: Նույն հեպատիտ B-ից յուրաքանչյուր տարի 100 հազարավոր մարդիկ են մահանում, եւ բնականաբար, եթե ստեղծվի մի դեղամիջոց, որն ավելի լավն է, քան իր նախորդները, կփրկվեն բազմաթիվ մարդիկ, եւ մեծ թվով մարդկանց կյանքի որակը կբարելավվի: Բացի այդ, բազմաթիվ դեղամիջոցներ շատ թանկ արժեն, որովհետեւ դրանց վրա շատ ժամանակ եւ ֆինանսական ռեսուրս է ծախսվել, մինչդեռ մեր տեխնոլոգիայով գործընթացի արագացումն ու ռեսուրսների խնայումը կնպաստի պոտենցիալ ավելի մատչելի ու մարդկանց հասանելի դեղերի ստեղծմանը:  

Մյուս կողմից կա, իհարկե, այս գործունեության ֆինանսական կողմը, որը պակաս կարեւոր չէ: Դեղագործական ընկերություններն, իհարկե, նյութական շահ են հետապնդում, հետեւապես ստարտափը պետք է նաեւ այս տեսանկյունից խոստումնալից լինի, այլապես ոչ մի ներդրողի չի գրավի:  

Մհեր

Մեր գործունեությամբ համամարդկային արժեքի ստեղծումը նաեւ գիտությամբ առաջնորդվելու, նոր գիտելիք ստեղծելու մեջ է: Մենք անընդհատ նոր փորձարկումներ ու բացահայտումներ ենք անում, եւ դա մեզ օգնում է մեծ հետաքրքրությամբ առաջ գնալ:

Հովակիմ

Այժմ ընկերությունը գրանցվում է նաեւ ԱՄՆ-ում, որով կկարողանանք փոխհարաբերվել նաեւ ամերիկյան ֆինանսական կապիտալի հետ: Ցավոք, Հայաստանում չկան բավականաչափ ֆինանսական գործիքներ այստեղ ստարտափները որոշակի հասունության մակարդակի հասցնելու եւ նոր միայն դրսի ներդրողների հետ շփվելու համար: Լավ կլիներ, որ մինչեւ հայաստանյան վենչուրային հիմնադրամների լիարժեք կայացումը, կառավարությունը պետական դրամաշնորհային ծրագրերի միջոցով խրախուսեր հատկապես կենսատեխնոլոգիական ոլորտի ՓՄՁ-ներին:

Այդուհանդերձ, հույս ունենք, որ ընկերության կորիզը կմնա Հայաստանում: Եթե ունենանք բավարար ֆինասական միջոցներ, կկարողանանք այլ երկրներում մասնաճյուղեր ունենալով շարունակել աճել Հայաստանում:

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի