11:56 | 08.09.22 | Հոդվածներ | exclusive 2489

Թոնի Ֆադել. Սովորելու ձգտումը պետք է ուղեկցի ողջ կյանքի ընթացքում

Apple Inc ընկերության iPod նախագծի նախկին ավագ փոխնախագահ, գյուտարար  Թոնի Ֆադելն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը որոշել էր դասախոսություն չկարդալ, այլ կիսվել իր պատկերացումներով սովորելու եւ հաջողության հասնելու մասին:

STARMUS VI գիտության եւ արվեստի փառատոնի բանախոսը ուսանողների հետ հանդիպմանը խորհուրդ տվեց օգտվել իրենց ընձեռված ազատությունից, երբեք չդադարել սովորել եւ չվախենալ ռիսկի դիմել:

«Սովորել եմ ձախողումներիս վրա»

Ես դասախոսություն չեմ կարդա, քանի որ ինքս սովորել եմ ինչ-որ բան անելով, սովորել եմ ձախողումներիս վրա, ռիսկի գնալով։ Ես սովորել եմ այլ կերպ, քան ընդունված է ուսումնական հաստատություններում։ Հաջողությունների հիմքում ձախողումներն են, ինչն էլ ինձ միայն մոտիվացրել է ավելի ուժեղ լինել:

Թոնի Ֆադելը Թոնի Ֆադելը
photo © ՀՊՏՀ


Դպրոցում գնահատվում ես եւ հաջողության ես հասնում հիմնականում գիտելիքներիդ համար: Կյանքում ինձ համար գիտելիքն ու փորձը միայն գործի կեսն է, մյուս կեսն այն չէ, թե ինչ գիտես, այլ՝ ում գիտես։ Այսինքն, երբ սովորում եք, կենտրոնացեք ոչ միայն ձեր քննությունները հանձնելու վրա, այլեւ՝ ծանոթությունների շրջանակ ստեղծելու եւ լավ շրջապատ ձեւավորելու։

«Կենտրոնանում եմ այնտեղ, որտեղ ցավն է»

Ինձ համար ոգեշնչման աղբյուրը միշտ ցավն է եղել։ Ես գնում եմ այնտեղ, որտեղ ցավ կա, գնում եմ այնտեղ, որտեղ լուծելու խնդիր կա։ Դրա մասին մտածեք այսպես՝ կան վիտամիններ եւ կան ցավազրկողներ, բոլորը գիտեն դրանց տարբերությունը: Դուք կարող եք վիտամիններ ընդունել, հնարավոր է, որ դրանք ձեզ օգնեն մի փոքր ավելի լավ զգալ, բայց չգիտեք, դուք իրականում վիտամիններ ընդունելու կարիք չունեք:

Բայց ցավազրկողների դեպքում այլ է, դրանք ընդունում ես եւ ցավն անցնում է։ Պետք է ունենալ ցավազրկող:

Այսպիսով, ես կենտրոնանում եմ այնտեղ, որտեղ ցավն է, գնում եմ եւ գտնում եմ նոր տեխնոլոգիաներ, նոր ուղիներ՝ դադարեցնելու այդ ցավը, որը ոչ ոք նախկինում չի արել:

«Աշխատանքի վերցնելիս առաջինը հարցնում եմ ...»

Մարդկանց աշխատանքի վերցնելիս առաջինը հարցնում եմ՝ ինչ են ուզում սովորել, քանի որ նորարարությամբ զբաղվող ընկերությունում յուրաքանչյուրը սկսնակ է, անգամ եթե եկել է որոշ փորձառությամբ։ Բոլոր են սկսնակ, քանի որ կառուցում են մի բան, որը դեռ գոյություն չունի։ Գլխավորն այն է, թե ինչ ես ուզում սովորել։ Երկրորդը, որ ուզում եմ իմանալ նրանցից, իրենց պատմությունն է, թե ինչու են դուրս եկել նախորդ աշխատանքից։ Ինձ հետաքրքիր չեն պարգեւները, ես ցանկանում եմ իմանալ, թե նրանք ինչպես են մտածում, ինչն է նրանց համար առաջնային՝ փո՞ղը, անո՞ւնը, թե՞ կարգավիճակը։

Թոնի Ֆադելը Թոնի Ֆադելը
photo © ՀՊՏՀ


Ինձ համար կարեւոր է, թե ինձ մոտ աշխատանքի եկողն ինչ է ուզում սովորել։ Սովորելու ձգտումը պետք է ուղեկցի մարդուն ողջ կյանքի ընթացքում։ Ուսանողական տարիները, քանի դեռ ազատություն ունեք, լավագույն ժամանակաշրջանն է ինչ-որ բան սկսելու։

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ ՀՊՏՀ-ի