18:11 | 10.06.22 | Հոդվածներ | exclusive 3176

BuildUp` ավագ մասնագետներ պատրաստելու «լաբորատորիա»

BuildUp-ը միջին մակարդակի մասնագետների համար նախատեսված պրոդուկտի ստեղծման վրա հիմնված տեխնոլոգիական bootcamp է, որը նախատեսված է Հայաստանում մտածողների եւ ստեղծարարների հաջորդ սերունդ ձեւավորելու համար:

BuildUp-ն ունի յուրահատուկ կրթական ձեւաչափ, որի նպատակն է ձեւավորել բացառիկ ցանց, որտեղ ներգրավված կլինեն տեխնիկապես փայլուն գիտելիքներով, համագործակցող, նորը ստեղծելու կրքով մարդիկ։

Նախագծի հիմնադիր Ալբերտ Պողոսյանը iTel.am-ին պատմել է BuildUp-ի առաքելության եւ գործունեության մասին։

BuildUp-ի գաղափարը

Ինքս ստարտափ ունեմ եւ չէի կարողանում աշխատակից գտնել Հայաստանում: Սկսեցի մտածել այդ խնդրի լուծման մասին։ Իմ CEO ընկերների հետ զրուցում էի՝ ինչպես են իրենք տեսնում խնդրի լուծումը։ Բոլորը բողոքում էին, որ ավագ մասնագետներ չկան, շատ են սկսնակները, իսկ հերթական թրեյնինգային կենտրոնի բացումը օգուտ չի տա։

Սկսեցի ուսումնասիրություններ անել ու գտա հետաքրքիր մոտեցում՝ խնդիրների վրա հիմնված կրթություն (Problem Based Education)։

BuidUp-ը միջին մասնագիտական մակարդակ ունեցող մարդկանց աճեցնում ու դարձնում է ավագ մասնագետ։ Հայաստանում շատերը մտածում են, որ իրենք ավագ մասնագետ են, բայց դա այդպես չէ։ Միջինում 5 տարի է պահանջվում ավագ մասնագետ դառնալու համար, իսկ մենք մշակել ենք մոդել, որն այդ ժամանակը կրճատում է։

Կրթության մոդելն ու սկզբունքները

Սա առաջին հերթին համայնքի վրա հիմնված մոդել է՝ «արի միասին սովորենք» սկզբունքով։ Դասավանդողները CEO-ներն են, որոնք նաեւ կարող են աշխատանքի վերցնել ուսանողներին։

photo © BuildUp


Լիցենզիա չունենք ու սերտիֆիկատ չենք տալիս, բայց հնարավորություն ենք ստեղծել աշխատավարձը կրկնապատկելու ու թույն մարդկանց մոտ ընդունվել աշխատանքի։

Շատ կարեւոր է ուսանողներին ընտրելու փուլը։ Տարեկան 200 հոգի ենք ուզում պատրաստել՝ սովորեցնելով քննադատական մտածողություն ունենալ, առանց որի հնարավոր չէ բարդ խնդիրների լուծել:

Ընտրությունը կատարվում է 3 փուլով.

•    Հմտությունները ստուգող ավտոմատացված թեստ։
•    Տեսանյութերով հարցազրույց։ Դրանք դիտում է հոգեբանը, որը վերլուծում է պատասխաններն առանձին չափանիշներով։
•    Ավելի խորը գիտելիքների ստուգում դասավանդողի եւ դեկանի կողմից։

Թեստերի հիման վրա միավորներ ենք տալիս դիմորդներին ու առաջարկում ենք համապատասխան տեղ։

Վեց մասնագիտությունով ենք սկսել.

•    պրոդուկտի կառավարում,
•    դիզայն,
•    թվային մարքեթինգ,
•    B2B վաճառքներ,
•    full-stack ծրագրավորում,
•    back-end ծրագրավորում։

Յուրաքանչյուր կուրսից ընտրում ենք մեկին ու կազմում վեց հոգանոց թիմ։ Նրանք պետք է լուծում մշակեն պրոդուկտի տեսքով, դասընթացի ավարտին այն տեղադրեն Product Hunt հարթակում, առաջին օգտատերեր ձեռք բերեն ու մատակարարում ապահովեն։ Այս ամբողջը պետք է կատարվի 4 ամսվա ընթացքում։

Առանձնահատկությունը

Ուսանողները միեւնույն ժամանակ եւ՛ սովորում են, եւ՛ աշխատում համայնքի կողմից առաջադրված կոնկրետ խնդրի վրա։ Յուրահատկությունն այն է, որ պրոդուկտի մշակման ցիկլին համապատասխան՝ դասախոսները խնդիրներ են առաջադրում ուսանողներին։

photo © BuildUp


Այսինքն՝ այն, ինչ նրանք սովորում են 3-րդ շաբաթում, պետք է կիրառեն հենց այդ շաբաթում։ Այս կերպով պրոդուկտի մշակումը համապատասխանում է դրա բնական ցիկլին։

BuildUp-ի թիմը

Թիմում 8 հոգի ենք։ Ամեն ուսանողին կցում ենք աջակցող թիմ։ Տաթեւ Զարգարյանը կրթության ծրագրի ղեկավար է։ Արման Գրիգորյանը Agile մարզիչն է, ուսումնական մեթոդիկայի ծրագրի ղեկավարը Լիլիթ Անդրիասյանն է։ Թիմով հետեւում, աջակցում ենք կազմավորված վեց թիմերին, որ կարողանան հանգիստ սովորել եւ գիտելիքները կիրառել նախագծում։

Մեր ամբողջ համայնքը մոտ 140 հոգի է կազմում՝ ներառյալ դասախոսներն ու դեկանները։

Ֆինանսավորումը եւ ցմահ ուսուցման գաղափարը

Օպերացիոն գործունեությունը ապահովում են 100-ից ավել խորհրդի անդամները, որոնք վճարում են միջինը 200 դոլար։ Նրանք ՏՏ ոլորտի հաջողակ ընկերությունների ղեեկավարներ են, մարդիկ են, որոնք կարող են դասընթացի մասնակիցներին աշխատանքի վերցնել։ Ունենք Google, Intel, AMD, NVIDIA ընկերություններում աշխատող մարդիկ։

photo © BuildUp


Կիրառում ենք նաեւ «Սովորիր հիմա, վճարիր հետո» մոդելը։ Ընդհանուր դասընթացի արժեքը 1700 դոլար է, բայց ուսանողների համար դասընթացին միանալն անվճար է: Նրանց հետ կնքում ենք եկամտի բաժնեմասի պայմանագիր (ISA), որը ենթադրում է, որ դասընթացի ավարտից հետո ֆինասական աճի դեպքում ուսանողը կվճարի ստացած կրթության համար։ Պայմանագրում նշվում է ներկայիս եկամուտը եւ թիրախը։ Ավարտելուց հետո, երբ եկամուտի աճ գրանցեն, պետք է վերադառնան ու իրենք էլ դառնան համայնքի անդամ ու 17 ամիս շարունակ վճարեն 100 դոլար։

Նոր ուղղություններ ու դասընթացներ

Երկու տարի հետո ուզում ենք ունենալ այնպիսի դպրոց, որ նույնիսկ ավագ մասնագետները գան ու սովորեն մեզ մոտ։

photo © BuildUp


Հիմա 36 ուսանող ունենք, որոնք ուսումը կավարտեն օգոստոսին: Սեպտեմբերին նոր ծրագիր ենք սկսում եւ հույս ունենք 160 հազար դոլար հավաքել, որովհետեւ 4 նոր մասնագիտացում ենք նախատեսում ավելացնել՝ մեքենայական ուսուցում, գործնական տվյալագիտություն, Phyton Pro ու Front End։

18 նոր պրոդուկտ է լինելու։ Մի մասը ինովացիոն լուծումների մշակման ուղղությամբ կլինի, իսկ մնացածը՝ լուծումներ մեքենայական ուսուցման կիրառմամբ։     

***

BuildUp-ի ուսանող Շավարշ Շահոյանը Back-end ծրագրավորող է: Նախագծին դիմել նրան հորդորել էր գործատուն, որը հանդիսանում է BuildUp-ի trustee։
 
- Ծրագրում ներգրավված են շատ պրոֆեսիոնալներ, ում հետ շփվելը եւ աշխատելը ինձ անհրաժեշտ է հաջողության հասնելու համար։

Անցնում եմ Back-End դասընթացը, աշխատում եմ Learning Experience-ը բարելավող ծրագրի վրա, որը օգտագործողին տրամադրում է աուդիո եւ վիդեո նյութերից ստացված տեքստային ինֆորմացիա հետագա մշակման համար։

photo © BuildUp


Դասընթացի ընթացքում ուսումնասիրում ենք մի շարք արդի տեխնոլոգիաներ՝ Cloud Technology, Microservice Architecture եւ այլն, կիրառում ենք դրանք մեր ծրագրի շրջանակում։ Մեր սեփական ծրագրի նախագծման համար կայացնում ենք որոշումներ եւ դառնում ենք պատասխանատու մեր նախագծի բարեհաջող իրականացման համար։

Նունե Գրիգորյան