16:15 | 06.05.22 | Նորություններ | 1933

Չինաստանում 50 մլն գործող համակարգիչ կփոխարինվի տեղականով

Չինաստանի իշխանությունները հրահանգել են կենտրոնական կառավարական գերատեսչություններին եւ պետական մասնակցությամբ կորպորացիաներին երկու տարվա ընթացքում փոխարինել արտասահմանյան ապրանքանիշի համակարգիչները տեղականներով, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով Bloomberg-ի աղբյուրները։

Մասնավորապես, պետական հիմնարկների աշխատակիցներին առաջարկվել է հանձնել արտասահմանյան արտադրության համակարգիչները՝ չինական օպերացիոն համակարգով աշխատող սարքերի դիմաց։ Ընդհանուր առմամբ, խոսքը մոտ 50 միլիոն սարքի մասին է։ Հետագայում իշխանությունները մտադիր են այդ պահանջը տարածել նաեւ տարածաշրջանային պետական կառույցների վրա։

Ըստ Bloomberg-ի՝ որոշումը նպաստում է ներմուծվող տեխնոլոգիաները փոխարինելու Չինաստանի տասնամյա արշավին՝ փորձելով նվազեցնել երկրի կախվածությունը «ԱՄՆ-ի նման աշխարհաքաղաքական մրցակիցներից»:

Սպասվում է, որ նոր պահանջն ուղղակիորեն կանդրադառնա HP-ի եւ Dell Technologies-ի՝ Lenovo Group-ից հետո երկրում ամենախոշոր համակարգիչների ապրանքանիշերի վաճառքի վրա։

Ներմուծվող տեխնոլոգիաները փոխարինելու Չինաստանի ձգտումն ակտիվացավ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց Huawei-ի դեմ, գրում է Bloomberg-ը։