18:12 | 14.04.22 | Հոդվածներ | exclusive 19624

Վերապատրաստվել են ստարտափ ինկուբատորների ներկայացուցիչները

ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագրով իրականացվել է ToT (Top challenge high-performance incubation training program) վերապատրաստում հայկական ստարտափների հետ աշխատող ինկուբատորների ներկայացուցիչների համար:

Դասընթացը ներառել է 8 շաբաթյա ինտենսիվ աշխատանք, նոր հմտությունների ձեռքբերում, փորձի փոխանակում ու շփում ոլորտի այլ ներկայացուցիչների հետ:

photo © Մեդիամաքս


EU4Bussines ITTD նախաձեռնությունը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից, իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից:

ToT վերապատրաստման դասընթացները վարել է միջազգային փորձագետ Ջեսուս Լոզանոն: Մասնակիցները սովորել են ինչպես առավել լավ զարգացնել իրենց ներկայացվող գաղափարները՝ հիմնվելով շուկայի պահանջների վրա:

«Հայաստանում ձեռնարկատիրական էկոհամակարգին աջակցելը մեր ծրագրի հիմնական նպատակներից է: Տեխնոլոգիական ձեռնարկություններին աջակցելով՝ ցանկանում ենք նպաստել Հայաստանի տնտեսությունում նորարարության հետագա զարգացմանը», - ասել է EU4Bussines ITTD ծրագրի ղեկավար Վիլհելմ Հուգոն:

Վիլհելմ Հուգոն Վիլհելմ Հուգոն
photo © Մեդիամաքս


Նա կարեւորել է նաև ստարտափների ինկուբացիայով զբաղվողների համար դասընթացի անցկացումը՝ նշելով, որ դրանում ընդգրկվել են այնպիսի կարեւոր թեմաներ, ինչպիսիք են ձեռնարկատիրական տաղանդների հայտնաբերումը, բիզնես գաղափարների վավերացումը եւ ինկուբատոր կազմակերպությունների կառավարումը:

«Հուսով եմ՝ դասընթացն օգտակար էր եւ այսուհետ կկարողանաք ավելի արդյունավետ աջակցել գաղափարի փուլում գտնվող ստարտափներին, որպեսզի դրանք հաջողակ ձեռնարկությունների վերածվեն: Համոզված եմ՝ ստացած գիտելիքները կփոխանցեք երիտասարդ ձեռներեցներին, որոնք ավելի հստակ պատկերացում կունենան իրենց ապագա բիզնեսի կենսունակության մասին։ Այս ամենը կանդրադառնա նաեւ Հայաստանում բիզնես միջավայրի զարգացման վրա», - ասել է Վիլհելմ Հուգոն:

Վիլհելմ Հուգոն եւ Հովհաննես Երիցյանը Վիլհելմ Հուգոն եւ Հովհաննես Երիցյանը
photo © Մեդիամաքս


Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանն ասել է՝ Եվրոպական միությունը ուրախ է աջակցել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի  արագ զարգացմանը:

«Տեխնոլոգիական ձեռներեցության ոլորտը Հայաստանում շատ արագ է զարգանում: Գրեթե ամեն օր տեսնում ենք նոր ստարտափներ, որոնք առաջարկում են տարատեսակ պրոդուկտներ ու ծառայություններ: Բայց դրանք պետք է ճիշտ ռազմավարական ճանապարհ ընտրեն՝ առավել կայուն դառնալու ու զարգանալու համար: Եվ այստեղ ձեր դերը, որպես հմուտ մասնագետների, վճռորոշ է լինելու նրանց ուղղորդելու համար: Ձեր աջակցությամբ նրանք առաջին քայլերից կկանգնեն ճիշտ ուղու վրա, կզարգացնեն իրենց պրոդուկտը՝ հիմնվելով շուկայի կարիքների վրա, ինչի շնորհիվ կկարողանան դուրս գալ ավելի մեծ շուկաներ ու նպաստել երկրում ձեռնարկատիրական մշակույթի ամրապնդմանն առհասարակ»:

Սիլյա Կասմանը Սիլյա Կասմանը
photo © Մեդիամաքս


Կասմաննը կարեւորել է կանանց ակտիվ մասնակցությունը դասընթացներին՝ նշելով, որ ԵՄ պատվիրակությունը  պատրաստակամ է  շարունակել աջակցել կին ձեռներեցներին:

photo © Մեդիամաքս


«Սպասում ենք ձեր հաջողության պատմություններին ու հետաքրքիր նախագծերին: Համոզված ենք՝ շատ շուտով կտեսնենք շոշափելի արդյունքներ», - ասել է Սիլյա Կասմանը:

Սիլյա Կասմանը Սիլյա Կասմանը
photo © Մեդիամաքս


«Ձեռնարկատիրական հզոր էկոհամակարգը երկարաժամկետ կայուն զարգացման հիմնական գործոններից է: Այս առումով Եվրամիությունը ուրախ է աջակցել կրթական նախաձեռնություններին, ինչպիսին ինկուբատորների ներկայացուցիչների վերապատրաստումն է», - ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության պատասխանատու Անտոնիս Ցամուլիսը:

Նա նշել է՝ ծրագրի շնորհիվ ոչ միայն բարելավվում են մասնակիցների ձեռնարկատիրական գիտելիքներն ու հմտությունները, այլև այն հրաշալի հնարավորություն է ընձեռում ոլորտի մասնագետներին ամուր միասնական համայնք ստեղծելու համար:

Ջեսուս Լոզանոն Ջեսուս Լոզանոն
photo © Մեդիամաքս


Դասընթացավար, միջազգային փորձագետ Ջեսուս Լոզանան ներկայացրել է հիմնական դրույթները, որոնց անդրադարձել են վերապատրաստման ընթացքում ու կարեւորել Հայաստանում ոլորտի զարգացումը.

«Հայաստանում բազմաթիվ ստարտափներ են ստեղծվում, բայց դրանցից քչերն են հաջողում, հետեւաբար բարձր արդյունավետությամբ ինկուբատորներն այստեղ անհրաժեշտություն են: Մենք փորձել ենք հասկանալ ու լրացնել բացերը: Կարեւոր է, որ ինկուբատորների ներկայացուցիչներն ինչ-որ պահի կարողանան ասել մարդուն՝ դու հիանալի ես, գաղափարդ՝ ոչ, կամ հակառակը՝ գաղափարդ լավն է, բայց դու ձեռներեց չես, իզուր ժամանակ մի կորցրու»:

Ջեսուս Լոզանոն Ջեսուս Լոզանոն
photo © Մեդիամաքս


Դասընթացների մասնակից, AgriTech ինկուբատորի համահիմնադիր Հովհաննես Երիցյանը նոր հմտություններ ձեռք բերելուց բացի, կարեւորել է նաեւ շփումն ու կապը, որը ստեղծվել է մասնակիցների միջեւ.

Հովհաննես Երիցյանը Հովհաննես Երիցյանը
photo © Մեդիամաքս


«Ամենակարեւորը՝ մենք այլեւս իրար մրցակից չենք համարում: Եկեք անկեղծ լինենք, հայկական էկոհամակարգում յուրաքանչյուր ինկուբատոր մրցակից է մյուսի համար: Այս ընթացքում մենք հասկացանք՝ եթե ամեն ինչ ճիշտ ենք պլանավորում, մրցակից լինելու կարիք չկա ու ավելի շատ են գործընկերներ լինելու հնարավորությունները»:

Հովհաննես Երիցյանը Հովհաննես Երիցյանը
photo © Մեդիամաքս


ToT վերապատրաստման դասընթացներին մասնակցած, Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը ներկայացնող Արփինե Սարգսյանը կարեւորել է նման ծրագրերում Երեւանից բացի մարզերը ներառելը.  

«Մեզ համար շատ կարեւոր էր մասնակցել այս ծրագրին, որովհետեւ երկար ժամանակ տանջվում էինք Գյումրիում Ստարտափ ակադեմիա ստեղծելու ուղղությամբ: Երկու շրջափուլով իրականացրել էինք դասընթացներ ուսանողների եւ աշակերտների համար, ունենք ուսանողական ստարտափ թիմեր, բայց ինկուբացիոն գործընթացի համար քիչ փորձ ունեինք, դժվարությամբ էինք պատկերացնում ամբողջ գործընթացը: Այս առումով մասնակցությունը ծրագրին մեզ տվեց պրակտիկ գործիքների վերաբերյալ գիտելիքներ ու շփում էկոհամակարգի այնպիսի խոշոր խաղացողների հետ, ինչպիսիք են FAST-ը, BANA-ն, EPIC-ը եւ մյուսները»:

Արփինե Սարգսյանը Արփինե Սարգսյանը
photo © Մեդիամաքս


Արփինե Սարգսյանը նաև նշեց, որ արդեն իսկ հանդիպումներ են ունենում մասնակիցների հետ տարբեր ինկուբատորներից ու քննարկում հնարավոր համագործակցությունը:

«Գյումրիում մեծ ներուժ կա, հատկապես՝ դպրոցականների, ցածր կուրսերի ուսանողների մոտ ու եթե գաղափարի փուլից երիտասարդների հետ ճիշտ աշխատենք, կարող ենք շատ լավ բիզնեսներ ունենալ», - ասել է Արփինե Սարգսյանը:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի