17:15 | 04.03.22 | Հոդվածներ | exclusive 5089

«Դեքսաթել»-ի թիմը. աշխատակիցների առավելություններ ու ազատ հաստիքներ

Հայաստանում ՏՏ ոլորտի բարձրակարգ մասնագետները շարունակում են շատ պահանջված լինել: «Դեքսաթել» ընկերությունը, որն ամպային հաղորդակցության (Cloud Communications) ոլորտում առանձնանում է իր նորարարական առաջարկով, եւս պարբերաբար նոր աշխատակիցների է ներգրավում:

Ովքե՞ր, ինչու՞ եւ ինչպե՞ս կարող են դառնալ օրըստօրե ընդլայնվող այս ընկերության թիմի անդամ. այս հարցերի մասին Itel.am-ը զրուցել է «Դեքսաթել»-ի Մարդկային ռեսուրսների կառավարման ղեկավար Գոհար Հովհաննիսյանի հետ:

Ովքե՞ր են դեքսաթելցիները

«Դեքսաթել»-ի թիմը ինձ համար դրական տրամադրության աղբյուր է դարձել: Երբ առաջին անգամ եկա այստեղ, գունագեղ ու գրավիչ գրասենյակից շատ հենց թիմի տրամադրությունը տպավորվեց: Բոլորն այստեղ երջանիկ են, եւ ինձ համար՝ որպես անմիջականորեն մարդկանց հետ աշխատող մասնագետի, դա նկատելի էր հենց առաջին հայացքից:

«Դեքսաթել»-ի թիմը երիտասարդ եւ դինամիկ տեխնոլոգիական թիմ է: Մենք հաճախ ենք հպարտանում նրանով, որ մեր թիմում բազմաթիվ լեզուներով են խոսում՝ անգլերեն, հայերեն, ռուսերեն, արաբերեն, չինարեն, ֆրանսերեն, սերբերեն, էստոներեն, ինչպես նաեւ Java, JavaScript (React. JS, Node. JS) եւ այլն։

Գոհար Հովհաննիսյանը Գոհար Հովհաննիսյանը
photo © Dexatel


Ինչպես հայաստանյան շատ ՏՏ ընկերությունների, այնպես էլ «Դեքսաթել»-ի թիմում կան ծրագրավորողներ, որակի մասնագետներ եւ պրոյեկտ-մենեջերներ։ Քանի որ «Դեքսաթել»-ը սեփական պրոդուկտը ստեղծող ընկերություն է, բացի նշված մասնագետներից, մենք ունենք նաեւ տեխնիկական պրոդուկտի միջազգային վաճառք իրականացնող ուժեղ թիմ եւ տեխնիկական սպասարկման մասնագետներ:

Քանի որ մեր բիզնես հետաքրքրությունները եւ թիրախային շուկաները հիմնականում Հայաստանից դուրս են գտնվում, մենք համապատասխանեցնում ենք մեր ծառայություններն ու պրոդուկտը միջազգային շուկաների որակական պահանջներին: Սա է պատճառը, որ շատ հաճախ տարբեր թիրախային երկրներից ենք աշխատակիցների ներգրավում, բայց ուզում եմ հատուկ ընդգծել, որ ներկայումս հավաքագրում ենք killer մարքեթինգային թիմ հենց Հայաստանից մասնագետներ ընտրելով:

Մեր մեծ ընտանիքում արդեն մոտ 60 անդամ կա: Ունենք առնվազն երեք աշխատակից, որոնք աշխատում են տարբեր մասնագիտություններով, սակայն զբաղվում են պրոֆեսիոնալ նկարչությամբ եւ դիզայնով։ Թիմում ունենք պրոֆեսիոնալ երգչուհի, երկու բարձրակարգ DJ՝ ներառյալ մեր հիմնադիրը, որոնք նվագում են մեր իսկ միջոցառումերին։ Կան նաեւ լեռնագնացներ, սնոուբորդի, դահուկների եւ ճամփորդությունների բազմաթիվ սիրահարներ։ Մի խոսքով՝ դեքսաթելցիները տաղանդավոր, ուրախ, ստեղծագործ եւ «cool» մարդիկ են, որոնք սիրում են վայելել իրենց կյանքը եւ աշխատանքից դուրս եւս ունեն բազմաթիվ հետաքրքրություններ։

Ինչու՞ դառնալ «Դեքսաթել»-ի աշխատակից

«Դեքսաթել»-ն առաջինն է Հայաստանում գործող բիզնես հաղորդակցության ծառայություններ մատուցողներից, որ ստեղծել է սեփական տեխնոլոգիական պրոդուկտը՝ CPaaS-ը, եւ զարգացնում է այն։ «Դեքսաթել»-ը քիչ հանդիպող «bootstrapped» ընկերություն է, ինչը նշանակում է, որ կարողացել ենք աճել եւ զարգանալ առանց ներդրողների՝ ունենալով չնչին սկզբնական կապիտալ, եւ այս միտումը շարունակվում է։

photo © Մեդիամաքս


Այս պահին ընկերության մեկ աշխատակցի հաշվով տեղծվում է գումարային արտահայտմամբ այնպիսի բարձր արժեք, որը գերազանցում է Հայաստանում գոյություն ունեցող արտաքին ներդրում ստացած ՏՏ ընկերությունների մեկ աշխատակցի հաշվով ստեղծած հասույթը մոտ 20 անգամ։ Սա նշանակում է, որ «Դեքսաթել»-ը ֆինանսապես առողջ եւ կայուն բիզնես է՝ աճի ահռելի պոտենցիալով։

Այս հաջողությանը հասել ենք անդադար սովորելու եւ նոր լուծումներ գտնելու շնորհիվ: Մենք առաջարկում ենք մասնագիտական հետաքրքիր մարտահրավերներ աճել ցանկացող մասնագետների համար։ Գրավիչ աշխատանքային մշակույթ ունենք, որը կարելի է ամփոփել «meaningful work and fun» (իմաստալից աշխատանք եւ զվարճանք՝ հեղ.) արտահայտության մեջ։ Մենք բարձր նշաձող ենք սահմանել, եւ ներգրավում ենք ամենապրոֆեսիոնալ եւ միաժամանակ ինտելեկտուալ մարդկանց, որոնք նաեւ հարուստ ներքին մշակույթ ունեն։

«Դեքսաթել»-ը իր աշխատակիցներին առաջարկում է հայաստանյան շուկայում քիչ հանդիպող stock option-ների ծրագիր, որի շնորհիվ նրանց տրամադրվում է ընկերության սեփականության իրավունքի որոշակի մաս: Մենք կարեւորում ենք, որ մեր թիմը սեփականատիրոջ զգացողություն ունենա եւ սրտացավորեն մոտենա իր աշխատանքին։

Առաջարկում ենք նաեւ մրցակցային աշխատավարձ, գրավիչ բենեֆիթների փաթեթ, նաեւ վաճառքից ձեւավորվող զգալի կոմիսիոն վճարներ։ Ընկերությունը յուրաքանչյուր աշխատակցի տրամադրում է ֆիքսված գումարային սահմանաչափ, որը հնարավոր է օգտագործել ըստ սեփական հայեցողության՝ ուսում, սպորտ, ժամանց: Քանի որ շարունակական ինքնակրթությունը մեզ մոտ շատ է կարեւորվում, մեր աշխատակիցներն ունեն նաեւ «Udemy» օնլայն կուրսերի հարթակի բաժանորդագրություն:

Ո՞վ եւ ինչպե՞ս կարող է դիմել «Դեքսաթել»-ում աշխատանքի համար

Մեր թիմը, ինչպես եւ բոլոր Հայաստանյան Tech ստարտափները, անցնում է բազմաթիվ դժվարությունների միջով հայաստանյան աշխատաշուկայի սղության հետեւանքով: Այս հանգամանքի բերումով էլ, հաճախ, ինքներս ենք պատրաստում մեր մասնագետներին զրոյական կետից:

photo © Մեդիամաքս


Մեր թիմի հաջողության գրավականն այն է, որ նախընտրում ենք որակյալ արժեքային համակարգով մասնագետների: Չնայած լայնորեն օգտագործում ենք referral-ները, այնուամենայնիվ, շատ մանրակրկիտ կերպով ընտրում ենք մեր աշխատակիցներին արժեքների վրա հիմնած հարցաշարերի միջոցով (value-based questionnaire): Դեքսաթելի հիմնարար արժեքների մասին տեղեկություն կարող եք գտնել մեր կայքում։ Փորձում ենք հասկանալ՝ արդյոք մեր պահանջները եւ արժեքները մոտ են իրենց իրական պատկերացումներին։ Շատ հաճախ կիրառում ենք միջնաժամկետ վճարովի առաջադրանքների/ծառայությունների մատուցման պրակտիկան՝ սահմանելով հստակ առաջադրանքներ, որոնք տվյալ թեկնածուն կատարում է որոշակի ժամանակահատվածում, եւ դրանից հետո միայն կայացնում ենք հիմնական աշխատանքի հրավիրելու որոշումը:  

Այս պահին ընկերությունում 20 թափուր հաստիքներ կան։ Ինչպես արդեն նշեցի, մենք զգալիորեն մեծացնում ենք մեր մարքեթինգային թիմը, որն աշխատելու է գլոբալ շուկաների ուղղությամբ։ Ունենք Senior SEO-ի, Senior PPC-ի, PR & Communications Manager-ի, Senior Graphic Designer-ի, Senior Content Writer-ի թափուր հաստիքներ, որոնց համար իրականում բավականին բարձր պահանջներ ենք սահմանել: Առկա են նաեւ տարբեր ՏՏ հաստիքներ, այդ թվում Senior DevOps Engineer, Senior Java Engineer, Senior Frontend Developer (React.js)։

Իսկ եթե չունե՞ս աշխատանքային փորձ

Ինչպես տեսնում եք, ես նշում եմ հիմնականում ավագ մասնագետների, ինչը բնական է, երբ տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է ընդարձակման։ Այնուամենայնիվ, երբ խոսքը չի վերաբերում շատ նեղ մասնագետների, մենք նաեւ պատրաստակամ ենք աշխատելու անգամ անփորձ, կամ քիչ փորձառություն ունեցող երիտասարդների հետ, որոնք ունեն մեծ ձգտում, սովորելու ցանկություն, ինչպես նաեւ մեզ հարազատ արժեքներ:

photo © Մեդիամաքս


Սա վերաբերում է, օրինակ, բիզնեսի զարգացման մասնագետներին, որոնք զբաղվում են մեր պրոդուկտի վաճառքով։ Այս պահին ընկերությունը արդեն երկրորդ անգամ իրականացնում է լայնածավալ ծրագիր՝ երիտասարդ տաղանդների ներգրավման համար (Young Talents Program)։ Մենք ընդունում ենք սկսնակ մասնագետների` տրամադրելով ուսուցման ծրագրին մասնակցելու հնարավորություն եւ նաեւ վճարում ենք նրանց: Այս ծրագրի ավարտին հաջողություններ գրանցած մասնակիցները ընդունվում են աշխատանքի։

Ծրագրի արդյունքում նախատեսում ենք 5-6 աշխատակցի ընդունել: Դրանում ընդգրկվելու համար շատ կարեւոր է գերազանց տիրապետել անգլերենին եւ ունենալ վաճառքի ձիրք, որը մենք հետագայում կզարգացնենք։ Անգլերենի գերազանց իմացության պահանջը պայմանավորված է միջազգային վաճառքների իրականացման նպատակով։ Ծրագիրը բաղկացած է մի քանի ընտրական փուլից, եւ յուրաքանչյուր հաջորդ փուլ անցնում են մեր պահանջներին առավել համապատասխանող թեկնածուները։ Առաջիկայում պլանավորում ենք նաեւ այլ մասնագիտությունների գծով intern-ներ ունենալ:

Ի՞նչ հմտություններ պետք է ունենա «Դեքսաթել»-ի պոտենցիալ աշխատակիցը

Մենք մեծապես կարեւորում ենք հաղորդակցման կարողությունը: Ի վերջո, մեր պրոդուկտը բիզնես հաղորդակցության մասին է, եւ աշխատանքում հաղորդակցման արդյունավետությունը մեզ համար առաջնային է. ժամանակ չենք վատնում անօգուտ զրույցների եւ ժողովների վրա, չենք գրում երկարաշունչ նամակներ եւ գերադասում ենք հակիրճ պատասխաններ, ճիշտ ենք ընտրում տեղեկատվության հասցեատերերին եւ խրախուսում ենք կիրթ ու հարգալից բառապաշար։

Գոհար Հովհաննիսյանը Գոհար Հովհաննիսյանը
photo © Մեդիամաքս


Կա նաեւ շատ կարեւոր բնավորության առանձնահատկություն, որ մենք փնտրում ենք մարդկանց մեջ: Դա անընդհատ սովորելու, տեղում չդոփելու եւ զարգանալու ընդգծված ձգտումն է: Մեր ժամանակներում որոշ գիտելիքներ արագ դառնում են ժամանակավրեպ, եւ անհրաժեշտ է լինում կարճ ժամանակում յուրացնել ինչ-որ նոր բան: Երբեմն, դա աշխատանքում հաջողելու միակ լուծումն է, իսկ առանց սովորելու ձգտման հաջողությունը չի դառնա հնարավոր:

Գայանե Ենոքյան