11:46 | 01.04.22 | Հոդվածներ | exclusive 3460

PMI Science-ը կընդլայնի համագործակցությունը ՏՏ ոլորտի հետ

PMI Science գիտահետազոտական կենտրոնն աճում է՝ մեծացնում թիմը, ընդգրկում նոր ուղղություններ: Հայաստանում ներկայանալով այդ թվում որպես տեխնոլոգիական ընկերություն՝ կենտրոնը ցանկանում է ընդլայնել համագործակցությունը ՏՏ ոլորտի այլ ներկայացուցիչների հետ:

Այս նպատակով PMI Science գիտահետազոտական կենտրոնում Հայաստանի տեխնոլոգիական ընկերությունների մասնակցությամբ կազմակերպվել է քննարկում եւ շրջայց՝ հասկանալու PMI Science-ի գործունեությունը, նպատակն ու համագործակցության հնարավորությունները:

«PMI Science գիտահետազոտական կենտրոնը սկսում է մեծ դեր խաղալ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, բայց մեզ լավ չեն ճանաչում ու սա անտրամաբանական խզումների է բերում: Այսօրվա հանդիպման նպատակը ձեզ մեր գործունեությունը ներկայացնելն ու համագործակցության եզրեր գտնելն է», - ասում է PMI Science-ի գործադիր կառավարիչ Վահե Դանիելյանը:

Նա նշում է՝ այսօր կենտրոնում հիմնական երկու թիմ կա՝ մաթեմատիկական-տվյալագիտական-վիճակագրական եւ գիտահետազոտական՝ ֆունդամենտալ գիտության թիմը:

Կենտրոնը համագործակցում է մի շարք տեղական հետազոտական ինստիտուտների եւ համալսարանների հետ՝ իրականացնելով համատեղ ծրագրեր։

«Մագիստրոսական, PhD ծրագրերից, կոնֆերանսների կազմակերպումից մենք այսօր հասել ենք մինչեւ ստարտափների ուղղություն: Ընդ որում, ցանկանում ենք ստարտափներ ունենալ ֆունդամենտալ գիտության ուղղությամբ, ինչը, երեւի, եզակի է Հայաստանում: Ֆիզիկայի, քիմիայի, տեխնիկական գիտությունների ոլորտում լինեն ստարտափ թիմեր, որոնք կհամախմբվեն մեր ֆունդամենտալ ինստիտուտների շուրջ ու կսկսեն նորարարական նախագծեր ներկայացնել», - ասում է Վահե Դանիելյանը:

photo © Մեդիամաքս


PMI Science գիտահետազոտական կենտրոնն աջակցում է մագիստրոսական երկու ծրագրերի՝ Համակարգային ինժեներիայի եւ Տվյալագիտության ոլորտներում։ Երկու տարում մագիստրոսական կրթաթոշակ է տրամադրվել մոտ 55 ուսանողի: 20 ասպիրանտ աջակցություն է ստացել՝ հետազոտություններ իրականացնելու համար: Միաժամանակ, Հայաստանի առաջատար կառույցների 29 հետազոտական թիմեր նույնպես ստացել են աջակցություն եւ հետազոտություններ են իրականացնում մի շարք ոլորտում:

«Ցանկանում ենք հասկանալ՝ որտե՞ղ կարող ենք միասին ներդրում կատարել: Սա ոչ միայն մեր ընկերություններին է անհրաժեշտ, այլեւ ուղղված է ընդհանուր ոլորտի աճին: Էկոհամակարգում խնդիր ունենք այս պահից սկսած ձեզ հետ խոսելու, որովհետեւ ֆինանսավորում ենք լավ գործիքներ, բայց ժամանակն է դուրս գալ ու այդ ռեսուրսները նաեւ այլ տեղերում կիրառել», - ասում է Վահե Դանիելյանը:

PMI Science-ում այս պահին ամենամեծը Տվյալագիտության թիմն է:

photo © Մեդիամաքս


Տվյալագիտության բաժնի ղեկավար Նարեկ Մելքոնյանն ասում է՝ ի սկզբանե նախատեսվում էր հինգ մարդուց բաղկացած թիմ ունենալ.

«Այսօր թիմում քսանից ավելի ենք ու եւս մոտ քսան մարդ ՏՏ համայնքից «աութսթաֆ» աշխատում է մեզ համար: Առաջին մեկ-երկու տարիներից հետո հասկացանք՝ բավարար չէ ունենալ միայն Data Science կամ Machine Learning, եւ մեր նախագծերից շատերը գնացին դեպի Software Development, Data Engineering: Այսօր մեր առջեւ ավելի հավակնոտ նպատակներ ենք դրել՝ նախատեսում ենք տվյալների վերլուծությունից ընդլայնվել դեպի ՏՏ ոլորտ», - ասում է Նարեկ Մելքոնյանը:

Նա ներկայացնում է մի շարք ուղղություններ, որոնցով PMI Science-ն ու Հայաստանի տեխնոլոգիական ընկերությունները կարող են համագործակցել.

«Այս պահին Հայաստանում կա հինգ ՏՏ ընկերություն, որոնց մենք գլոբալ Philip Morris ընկերությունից նախագծեր ենք «աութսորս» անում: Դրանք կարող էին գնալ Լեհաստան, Հնդկաստան կամ այլ երկրներ, բայց մենք դրանք Հայաստան ենք բերել: Այս առումով մեր ընկերությունը հսկայական ներուժ ունի, կան շատ նախագծեր, որոնք եւս հնարավոր է բերել Հայաստան ու փոխանցել մեր ՏՏ ընկերություններին: Դրա համար օգտակար կլինի միասին գնահատել Հայաստանի ներուժը, որպեսզի կարողանանք այն ճիշտ ներկայացնել մեր գործընկերներին»:

Նարեկ Մելքոնյանը Նարեկ Մելքոնյանը
photo © Մեդիամաքս


Նարեկ Մելքոնյանի խոսքով՝ խնդիր կա նաեւ մի շարք մասնագետներ գտնելու առումով.

«Հասկացել ենք՝ պետք է ներդրում կատարել կրթության մեջ: Մի քանի կրթական ծրագիր արդեն ֆինանսավորել ենք ու պատրաստ ենք գնալ հետ, ֆունդամենտալ զարգացնել այն ճյուղերը, որոնք պետք են մեր ընկերությանը, որովհետեւ երկարատեւ առաքելություն ունենք»:

Նա նշում է՝ մյուս ուղղությունը, որտեղ տեսնում են համագործակցություն ՏՏ համայնքի հետ, ընդհանուր էկոհամակարգի զարգացմանն ուղղված ծրագրերն են՝ կոնֆերանսները, վերապատրաստումները.

«Մեր ընկերությունում՝ իմ թիմում, կան աշխարհի լավագույն համալսարաններում աշխատող դասախոսներ, համայնքում շատ հայտնի մարդիկ: Ցանկանում ենք օգտագործելով մեր հնարավորությունները՝ նրանց բերել Հայաստան, որպեսզի մասնակցեն կոնֆերանսներին, դասախոսություններ կարդան»:

Կան նաեւ ոլորտի ընդհանուր խնդիրներ, որոնք համատեղ ջանքերով լուծելն առավել հեշտ կլինի.

«Օրինակ՝ երբ պետք է Հայաստանում աշխատելու նպատակով որեւէ մեկին տեղափոխել այստեղ, գրանցման հետ կապված խնդիրներ են առաջանում: Պետությունը ՏՏ համայնքում ինչ-որ կարգավորումներ պետք է փոխի ու կարծում ենք՝ այս առումով եւս կարող ենք համագործակցել, միասին լուծել այս խնդիրները», - ասում է Նարեկ Մելքոնյանը:

Նինա Գրիգորյանը Նինա Գրիգորյանը
photo © Մեդիամաքս


PMI Science-ի մարդկային ռեսուրսների ղեկավար Նինա Գրիգորյանը ներկայացրել է ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման սկզբունքները, կամ ինչպես PMI-ում են այն անվանում՝ «մարդիկ եւ մշակույթը» ոլորտը:

«Philip Morris-ն այս առումով ունի բավական զարգացած ու առաջադիմական պրակտիկաներ, ինչի շնորհիվ չորս տարի շարունակ Հայաստանում ստանում ենք «Top Employer» սերտիֆիկատը»:

Քննարկումից հետո տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչները շրջել են գիտահետազոտական կենտրոնի տարածքում, ծանոթացել դրա հնարավորություններին:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի