11:52 | 27.12.21 | Նորություններ | 8014

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ արցախցի ընտանիքը բնակարանամուտ է նշել

Վիվա-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում Արցախից տեղահանված Ավանեսյանների ընտանիքը բնակարանամուտ է նշել Արարատի մարզում:

Երիտասարդ ընտանիքի ողջ կարողությունը բավարարել է միայն կիսակառույց շինություն ձեռք բերելուն, որի շինարարությունն ավարտելու համար էլ գործընկեր կազմակերպությունները՝ Վիվա-ՄՏՍ-ը եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» օգնության ձեռք են մեկնել:

«Վերջին տարիների իրադարձությունները՝ COVID-ը, պատերազմը, մեզ ստիպեցին լինել ավելի ճկուն եւ պատրաստ լինել այնպիսի լուծումների, որոնք հատուկ են ճգնաժամային իրավիճակներին: Մենք մեր գործընկերների հետ, ընթացիկ տարում հնարավորինս աջակցեցինք նաեւ պատերազմի հետեւանքով անօթեւան դարձած, Արցախից ժամանած եւ տարբեր մարզերում վարձակալությամբ բնակվող ընտանիքներին: Թիրախային մյուս՝ սոցիալապես անապահով խումբը եւս մնաց մեր ուշադրության կենտրոնում: Փոխվեցին աշխատանքի մեթոդները, սակայն սկզբունքը նույնը մնաց. բոլոր մարզերում շինարարական աշխատանքները շարունակվեցին: Ուզում եմ հավատալ, բոլոր ընտանիքներն այս ընթացքում հավատ են ձեռք բերել եւ ամրացվող ամեն քարի ու կատարվող աշխատանքի հետ, ամրացրել են նաեւ իրենց հույսը»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Բնակարանաշինության ծրագրով, միայն Արարատի մարզում, այս տարի աջակցություն է ստացել Արցախից տեղահանված հինգ ընտանիք: Գործընկեր կազմակերպությունների ղեկավարների շրջայցերն այս մարզում դեռ շարունակվելու են: Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակում, Վիվա-ՄՏՍ-ը կատարել է ավելի քան 230 մլն դրամի  ներդրում, ինչի արդյունքում, 2021 թվականին աջակցություն է ստացել  87 ընտանիք: